Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այդ նպատակով «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ–ի հետ ՀՀ կառավարությունը կկնքի ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր։
Կառավարությունից նշում են, որ ձևավորվել է «COP 17» համաժողովի միջոցառումը կազմակերպելու և անցկացնելու կազմկոմիտե։
ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի գլխավոր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի ղեկավարած պատվիրակությունը 2025 թ. մարտի 3-6-ը այցելել է Երևան, ինչի շրջանակում, ի թիվս COP17-ի նախապատրաստման այլ հարցերի, քննարկվել է նաև համաժողովի անցկացման վայրի ընտրության հետ կապված հարցը։
«Համաձայն տիկին Շումեյքերի կողմից ստացված գրության՝ «COP 17»-ի անցկացման համար գնահատման չափանիշներին առավել համապատասխանել է «Մերիդիան» էքսպոկենտրոնը»,– ասված է որոշման մեջ։
Միջոցառումը բարձր մակարդակով ապահովելու նպատակով ՀՀ 2025 թ. պետական բյուջեում կկատարվի վերաբաշխում և 5775.0 մլն դրամը կուղղվի «COP 17» համաժողովի կազմակերպմանը։ Գումարը կծախսվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում տարածքների վերանորոգման, կառուցման և բարեկարգման աշխատանքների վրա` ամբողջ տարածքը համապատասխանեցնելով վերոնշյալ միջոցառումը «Մերիդիան» էքսպոկենտրոնում բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Նշենք, որ ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP 17) համաժողովը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը:

