Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվող վերականգնողական աշխատանքները կավարտվեն մինչև ապրիլի 24-ը։ Այդ մասին արտագնա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ ընթացքի մեջ են երեք հենասյուների երեսպատման աշխատանքները։ Նշվել է, որ բոլոր անհրաժեշտ խորհրդակցությունները մասնագետների հետ իրականացվել են, իսկ աշխատանքները կազմակերպվում են սահմանված տեխնիկական և մասնագիտական պահանջներին համապատասխան։
Անդրեասյանը տեղեկացրել է, որ իր կողմից իրականացվում է պարբերական վերահսկողություն, և յուրաքանչյուր այցելության ընթացքում նրան ուղեկցում են ոլորտի մասնագետներ։
Նշվել է նաև, որ հուշահամալիրը վերականգնողական աշխատանքների ընթացքում բաց է այցելուների համար, և դրա բնականոն գործունեությունը չի դադարեցվել։

