Քիմիական ներկերը կարող են թունավոր լինել և առաջացնել առողջական լուրջ խնդիրներ․ Կենդանաբանական այգի

Բարձր գնահատելով կրեատիվությունը՝ այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ այս կենդանին իրականում ավանակ է, որին որևէ քաղաքացի ներկել է զեբրի զոլերով։

Այս մասին հայտնել են Երևանի  Կենդանաբանական այգուց։

«Մեր զեբրերն այգում են՝ հանգիստ և անվնաս։ Համոզվելու համար կարող եք այցելել այգի։ Չնայած տարածված տեսանյութի շուրջ հումորներին՝ ուզում ենք նաև շեշտել, որ կենդանուն ներկելը և նման իրավիճակում հանրայնացնելը կոպտորեն հակասում է կենդանիների բարեկեցության սկզբունքներին։ Քիմիական ներկերը կարող են թունավոր լինել և առաջացնել առողջական լուրջ խնդիրներ։ Կենդանիների բարեկեցությունը մեր առաջնահերթությունն է»,-նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։

Մինչ կժամանեին համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ, կենդանաբանական այգու աշխատակիցներն ու մի քանի քաղաքացիներ կարողացել են բռնել զեբրին, պարանը անցկացնել ոտքին ու փորձում են նրան վերադարձնել կենդանաբանական այգի։

Այսօր առավոտյան տարածված նյութը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ։ Քաղաքացին, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու զեբրերն ապահով են, իրենց ազատավանդակում են։

Գրել էր Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը։