Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան ներդրում է կատարում տեխնոլոգիական ընկերություններում ներդրումներ իրականացնող վենչուրային կապիտալի Formula VC Fund II-ում /Կոնսերվատիվ կենսաթոշակային ֆոնդից 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ Հավասարակշռված ֆոնդից՝ 90 հազար ԱՄՆ դոլար/։
Տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի տնտեսության առաջնահերթ ուղղություններից է։ Ներդրման միջոցով երկարաժամկետ կենսաթոշակային խնայողություններն ուղղվում են իրական տնտեսությունում գործունեություն ծավալող ընկերություններին։
Ցե-Կվադրատ Ամպեգայի ներդրումային թիմը իրականացրել է մանրակրկիտ համալիր ուսումնասիրություն՝ ֆոնդը և ֆոնդի կառավարումը գնահատելով մի շարք չափանիշներով։ Ներդրումային որոշումն ընդունվել է ռիսկերի համակողմանի վերլուծությունից և համապատասխանության ստուգումներից հետո։ Դրական որոշման վրա ազդած գործոններից են՝
• Պորտֆելի ռազմավարությունը և կառուցման մոտեցումը, որն ապահովում է տեխնոլոգիական ոլորտում էական դիվերսիֆիկացում
• Թիմի գնահատականը Formula VC Fund I-ի մինչ օրս գրանցած արդյունքների վերաբերյալ
• Կառավարիչ գործընկերների գործառնական փորձը և պորտֆելային ընկերությունների հետ նրանց անմիջական ու ակտիվ աշխատանքը
• Շարունակական կատարելագործման հստակ հանձնառությունը, մասնավորապես՝ ինստիտուցիոնալ չափանիշների և միջազգային լավագույն փորձի ներդրման ուղղությամբ
• Ուղիղ և հետևողական հաղորդակցությունը թե՛ ներդրողների և թե՛ պորտֆելային ընկերությունների հետ
Այս ներդրումը նաև ամրապնդում է կապը Հայաստանի ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների միջև՝ տնտեսության երկու հատվածների, որոնք մինչ այժմ հիմնականում զարգացել են զուգահեռ, այլ ոչ թե փոխկապակցված։
Արման Վարդանյան, Ցե-Կվադրատ Ամպեգայի գլխավոր գործադիր տնօրեն
“Այս ներդրումը կենսաթոշակային ֆոնդերի համար դիվերսիֆիկացման նշանակալի հնարավորություն է՝ երկարաժամկետ ներդրումային հորիզոնում կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների համար լրացուցիչ եկամտաբերության նոր աղբյուր։
Այլընտրանքային ներդրումների միջոցով դիվերսիֆիկացումը համահունչ է ինստիտուցիոնալ պորտֆելների կառավարման համաշխարհային պրակտիկային և բխում է մեր ֆիդուցիար պարտականությունից։ Այս ֆոնդի միջոցով շուրջ 450,000 քաղաքացի, որոնց կենսաթոշակային ակտիվները կառավարվում են C-Quadrat Ampega-ի կողմից, հնարավորություն են ստանում մասնակցելու ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում իրականացվող ներդրումներին։ Սա ևս մեկ կարևոր քայլ է այն ներդրումային նպատակների իրականացման ճանապարհին, որոնք մենք կառավարում ենք նրանց անունից։
Ներդրումը կազմում է կառավարման ներքո գտնվող ակտիվների մոտ 0.3%-ը։ Ծավալը որոշվել է կենսաթոշակային ֆոնդերի համար ընդունելի ռիսկի սահմաններում։ Միևնույն ժամանակ՝ ոլորտի համար այն կարևոր նշանակություն ունի, քանզի երկարաժամկետ, համբերատար կապիտալը երկրում զգալի խթան կարող է հանդիսանալ։”
Կարեն Վարդանյան, Կառավարիչ գործընկեր, Ֆորմուլա ՎիՍի
“Դեռևս 2024թ-ից Ֆորմուլա ՎիՍի առաջին ֆոնդի միակ ինստիտուցիոնալ ներդրողը դառնալով` Ցե-կվադրատ Ամպեգան դարձավ առաջամարտիկ ինչպես ՀՀ այնպես էլ Եվրոպական էկոհամակարգերում կենսաթոշակային ֆոնդերի կողմից վենչուրային ներդրումների գործում:
Այսօր արդեն մենք ներդրումներն անում ենք մեր երկրոր Ֆորմուլա ՎիՍի II ֆոնդից: Հանդիսանալով մեր էկոհամակարգում ամենամեծ վենչուրային ներդրողը մեզ համար շատ կարևոր է շարունակական համագործակցությունը Ցե-Կվադրատ Ամպեգայի հետ:
Մենք համարում ենք այս ներդրումը ռազամավարական Հայաստանի համար: Հայաստանում վերջին զարգացումները արհեստական բանականության շուրջ վկայում են այն մասին, որ ՀՀ-ն անխուսափելիորեն դառնալու է գլոբալ կենտրոններից մեկը, ոչ միայն ԱԲ ենթակառուցվածքների, այլ նաև ստարտափների նախընտրելի ուղղություն դառնալու առումով և այս պարագայում, էլ ավելի ենք կարևորում պետությունում առկա երկարաժամկետ ֆոնդերի, այսպես ասած “երկար փողերի” մասնակցությունը նորարարական տեխնոլոգիական էկոհամակարգում:”
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն է, որի նպատակը Հայաստանում միջազգային լավագույն փորձին համահունչ ակտիվների կառավարման բարձրակարգ ծառայությունների մատուցումն է։ Ընկերությունը կառավարում է ավելի քան 760 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի ակտիվներ շուրջ 460 հազար մասնակիցների համար։ Ընկերությունը հիմնադրվել է Ավստրիական և Գերմանական ակտիվների կառավարիչ ընկերությունների կողմից։
Ֆորմուլա ՎԻՍԻ-ն վենչուրային ֆոնդ է, որը ներդրումներ է անում վաղ փուլում գտնվող ստարտափներում, աջակցելով ռեսուրսներով, կապերով, մասնագիտական ցանցով և նպաստում է, որ այդ նորարար թիմերը դառնան գլոբալ խաղացողներ իրենց ոլորտներում։


