Գործարար Ումար Ջաբրաիլովի ինքնասպանությունը․ ինչ է հայտնի հանգամանքների մասին

Վերջին տարիներին գործարարը տառապում էր դեպրեսիայից և երկարամյա թմրամոլությունից։

67-ամյա ռուսաստանցի գործարար, Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախկին անդամ Ումար Ջաբրաիլովին հրազենային վնասվածքով հայտնաբերել են մարտի 2-ի գիշերը Մոսկվայի բնակելի համալիրներից մեկում։ ՌԲԿ-ն, հղում անելով իրավապահ մարմիններին, գրել է, որ Ջաբրաիլովի մոտ հայտնաբերվել է ատրճանակ։ Գործարարին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է։ Ներկայումս մահվան հիմնական վարկածը ինքնասպանությունն է։

Ավելի վաղ ռուսական մամուլում տեղեկություններ էին հրապարակվել Ջաբրաիլովի՝ Ռուսաստանի հարկային ծառայության նկատմամբ ունեցած պարտքերի և նրա բանկային հաշիվների արգելափակման մասին։ Ըստ տեղեկությունների՝ նրա պարտքերը կարող էին հասնել 1,5 միլիարդ ռուբլու։ Թելեգրամյան Mash ալիքը, հղում անելով նրա հարազատներին և մտերիմներին, գրել է, որ Ջաբրաիլովը խնդիրներ ուներ ինչպես բիզնեսում, այնպես էլ առողջական վիճակի հետ։

Վերջին տարիներին գործարարը տառապում էր դեպրեսիայից և երկարամյա թմրամոլությունից, որի մասին ինքն անձամբ էր խոստովանել։ Նա նաև նախկինում հայտարարել էր, որ 2020 թվականին փորձել է ինքնասպան լինել։ Սակայն նրա դուստրը հերքում է հոր ինքնասպանության վարկածը։ Deutsche Welle-ը ներկայացրել է այն, ինչ հայտնի է Ջաբրաիլովի կյանքի և մահվան մասին։

Գործընկերություն ամերիկացի գործարարի հետ և կապիտալի աճ

Ումար Ջաբրաիլովը ծնվել է Չեչնիայում։ 1985 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄԳԻՄՕ), որտեղ սկզբում աշխատել է որպես լաբորանտ, ապա՝ օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչ Մոսկվայում։ Գործարարությամբ սկսել է զբաղվել 1990-ականներին և կարճ ժամանակում հայտնվել ազդեցիկ ռուս գործարարների և պաշտոնյաների շրջապատում։ Նրա հիմնադրած «Դանակո» ընկերությունը, որը Մոսկվայում ուներ բենզալցակայանների ցանց, նավթամթերք էր մատակարարում պետական կառույցներին։

1994 թվականին, ինչպես գրում է ՌԲԿ-ն, Ջաբրաիլովը ծանոթացել է ամերիկացի գործարար Փոլ Թեյթումի հետ, որը «Ինտուրիստ-ՌեդԱմեր հյուրանոց և բիզնես կենտրոն» համատեղ ձեռնարկության համահիմնադիրն էր։ Շուտով նա զբաղեցրել է ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը։ Համատեղ ձեռնարկության հիմնական ակտիվը «Ռեդիսոն Սլավյանսկայա» հյուրանոցն էր՝ Կիևյան երկաթուղային կայարանի հարևանությամբ, որտեղ պաշտոնական այցերի ընթացքում հաճախ կանգ էր առնում ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը։

Սակայն երկու տարի անց գործընկերների հարաբերությունները կտրուկ վատթարացան։ 1996 թվականին Փոլ Թեյթումը հրապարակայնորեն հայտարարեց, թե Ջաբրաիլովը սպառնացել է իր դեմ մահափորձ կազմակերպել։ Նույն տարվա նոյեմբերին ամերիկացի գործարարը գնդակահարվեց Մոսկվայում։ Ջաբրաիլովի մասնակցությունը սպանությանը չի ապացուցվել, սակայն ԱՄՆ իշխանությունները նրան արգելեցին մուտք գործել երկիր։

1997 թվականին Ջաբրաիլովի բիզնեսն էականորեն ընդլայնվեց․ նավթային և հյուրանոցային ակտիվներից բացի, նա ձեռք բերեց գովազդային ընկերություններ, ինչպես նաև Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սմոլենսկի պասաժ» և «Օխոտնի ռյադ» առևտրի համալիրները։

1990-ականների վերջին նա փորձեց մուտք գործել մեծ քաղաքականություն՝ մասնակցելով 2000 թվականի Ռուսաստանի նախագահի ընտրություններին, որտեղ զբաղեցրեց վերջին՝ 11-րդ տեղը՝ ստանալով ձայների 0,08 տոկոսը։ Սակայն քաղաքական գործունեությունը դրանով չավարտվեց։ 2004-2009 թվականներին նա ներկայացնում էր Չեչնիան Դաշնային խորհրդում։ Այդ ժամանակահատվածում նա մտերիմ էր Չեչնիայի նախագահ Ախմատ Կադիրովի շրջապատին, նրա հետ կատարել է նաև ուխտագնացություն դեպի Սաուդյան Արաբիա։ Նա անդամակցում էր «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը մինչև 2017 թվականը։

Կրակոցներ, թմրանյութեր և հեռացում կուսակցությունից

2017 թվականին Ջաբրաիլովը հայտնվեց աղմկահարույց սկանդալի կենտրոնում՝ Մոսկվայի Four Seasons հյուրանոցում կրակոցներ արձակելու դեպքից հետո։ Նրան ձերբակալեցին, իսկ սենյակում հայտնաբերվեցին դատարկ շշեր և թմրանյութեր։ Դատարանը նրան մեղավոր ճանաչեց բժշկի նշանակման բացակայությամբ թմրամիջոցներ օգտագործելու համար և տուգանեց 4 հազար ռուբլի։ Նույն տարվա նոյեմբերին նա մեղավոր ճանաչվեց նաև զենքի գործադրմամբ խուլիգանության համար և տուգանվեց 500 հազար ռուբլի։ Չնայած դրան՝ 2018 թվականին նրան վերադարձվեց ատրճանակը և զենք կրելու թույլտվությունը։ Դեպքից հետո «Եդինայա Ռոսիա»-ն նրան հեռացրեց կուսակցության շարքերից։

2020 թվականի ապրիլի սկզբին Ջաբրաիլովը, իր խոսքով՝ գտնվելով «շոկային վիճակում», փորձել է ինքնասպան լինել մոսկովյան հյուրանոցներից մեկում, սակայն նրան հաջողվել է փրկել։ Հետագայում նա իր քայլը բացատրել է երկարամյա թմրամոլությամբ և սոցիալական պահանջվածության բացակայության զգացումով։ «Ես պարզապես դարձա ոչ պահանջված», — ասել էր նա Քսենյա Սոբչակի հետ հարցազրույցում։

2024 թվականի մարտին Ջաբրաիլովը բացեց սեփական թելեգրամյան ալիքը, որտեղ ակտիվորեն գովազդում էր իր հուշագրությունները, պատմում անցյալի շքեղ կյանքի, հայտնի մարդկանց հետ ընկերության մասին և փորձում վերադառնալ բիզնես նախագծերի։ 2025 թվականին նա 1,2 միլիարդ ռուբլով վաճառեց իր մոսկովյան առանձնատունը։

Արդյո՞ք նրա վրա ճնշում է գործադրվել

Ումար Ջաբրաիլովի մահը լայն արձագանք ստացավ ռուսական շոու-բիզնեսի և հանրային շրջանակներում։ Քսենյա Սոբչակը իր թելեգրամյան ալիքում հիշեց անձնական հարաբերությունների մասին՝ դրանք անվանելով «ֆանտաստիկ սիրահարվածություն»։ Տարբեր տարիներին ռուսական տաբլոիդները նրան վերագրել էին սիրավեպեր հայտնի դերասանուհիների և մոդելների հետ։ Ցավակցություն են հայտնել նաև այլ հայտնի անձինք։

Միաժամանակ, սոցիալական ցանցերում նրա դուստրը՝ Ալվինա Ջաբրաիլովան, կասկած է հայտնել ինքնասպանության վարկածի վերաբերյալ։ Mash-ի տվյալներով՝ նա հայտարարել է, թե հորը հնարավոր է «լռեցրել են»՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործին հնարավոր առնչության պատճառով։ Որպես հիմնավորում նշվում է Ջաբրաիլովի նամակագրությունը Էփշտեյնի օգնականի հետ, ինչպես նաև ենթադրյալ հանդիպումների մասին հիշատակումներ։ Բացի այդ, Mash-ը գրում է, որ «Էփշտեյնի ֆայլերում» հայտնաբերվել է Ջաբրաիլովի լուսանկար, որտեղ նա զբաղվում է կարատեով։ Ինքը՝ Ջաբրաիլովը, նախկինում այս թեմայի շուրջ հրապարակային մեկնաբանություններ չի արել։