Բուրջ ալ արաբը 25 տարվա մեջ առաջին անգամ կփակվի․ որն է պատճառը

Դուբայի խորհրդանշական հյուրանոցը պատրաստվում է 18-ամսյա լայնածավալ վերականգնման

Դուբայի գլխավոր ճարտարապետական և զբոսաշրջային խորհրդանիշներից մեկը՝ Բուրջ ալ արաբ հյուրանոցը, 25 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանակավորապես կփակվի խոշոր վերանորոգման նպատակով։

Վերականգնումը կտևի մոտ 18 ամիս և ներառելու է ինտերիերի ամբողջական արդիականացում՝ պահպանելով «պալատական» ոճը։

Բացվելով 1999 թվականին՝ հյուրանոցը վաղուց դարձել է շքեղության համաշխարհային խորհրդանիշ։ Այն առանձնանում է ավելի քան 86,000 Swarovski բյուրեղներով, Statuario մարմարի բազմազան տեսակներով և շուրջ 1,790 քմ 24 կարատանոց ոսկե թերթերով։

Վերանորոգման աշխատանքները կղեկավարի հայտնի ինտերիերի ճարտարապետ Տրիստան Աուերը, ով աշխատել է Փարիզի մի շարք խորհրդանշական նախագծերի վրա և արժանացել Maison&Objet-ի տարվա դիզայներ կոչմանը։

Հյուրանոցի սեփականատերը՝ «Ջումեյրա» ցանցը, նշում է, որ նախագիծը նպատակ ունի ոչ միայն թարմացնել շենքը, այլ պահպանել այն որպես արվեստի գործ։

Հատկանշական է, որ փակման մասին լուրը տարածվեց մարտի 1-ի միջադեպից հետո, երբ շենքի ճակատին ընկել էին անօդաչու սարքի բեկորներ, ինչի հետևանքով գրանցվել էր տեղայնացված հրդեհ։

Բուրջ ալ արաբը մինչ այսօր մնում է աշխարհի ամենաճանաչելի շենքերից մեկը։ Նրա առագաստաձև կառուցվածքը դարձել է ժամանակակից Դուբայի խորհրդանիշ՝ Բուրջ Խալիֆայի հետ միասին։

Հյուրանոցը հայտնի է նաև իր «յոթաստղանի» ոչ պաշտոնական կարգավիճակով, գերշքեղ սպասարկմամբ, անձնական սպասավորներով և Rolls-Royce-ով ուղևորություններով։

Այստեղ են իրականացվել նաև բազմաթիվ հայտնի միջոցառումներ և գովազդային ակցիաներ՝ ներառյալ Ռոջեր Ֆեդերերի և Անդրե Աղասիի լեգենդար թենիսի խաղը ուղղաթիռի հարթակում։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Բուրջ ալ արաբի վերականգնումը նպատակ ունի պահպանել դրա բացառիկ ինքնությունն ու համաշխարհային հեղինակությունը՝ միաժամանակ համապատասխանեցնելով այն ժամանակակից շքեղության նոր չափանիշներին։