Ամերիկացի փոփ աստղ Բրիթնի Սփիրսը ձերբակալվել է ալկոհոլի և թմրամիջոցների ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով՝ Կալիֆոռնիայի իր տան մոտ։ Այս մասին հայտնել են իրավապահ մարմինները։
Չորեքշաբթի երեկոյան ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ սև BMW 430i մակնիշի ավտոմեքենան արագ և անկանոն կերպով շարժվում է ճանապարհին։ 44-ամյա երգչուհին մեքենայում եղել է միայնակ։ Նա դուրս է եկել մայրուղուց և կանգնեցրել մեքենան։
Ոստիկանների փոխանցմամբ՝ Սփիրսի մոտ նկատվել են թունավորման նշաններ։ Նա անցել է սթափության մի շարք թեստեր, ինչից հետո ձերբակալվել է և տեղափոխվել Ventura County Jail։ Քիմիական թեստերի արդյունքները դեռևս սպասվում են, գործը շարունակում է քննվել։
Երգչուհու ներկայացուցիչը միջադեպը բնութագրել է որպես «ցավալի և անթույլատրելի»՝ նշելով, որ Սփիրսը պատրաստվում է հետևել օրենքի պահանջներին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իր կյանքում փոփոխություններ իրականացնելու համար։ Դատական նիստը նշանակված է մայիսի 4-ին։
Կենսագրական ակնարկ
Բրիթնի Սփիրսը ծնվել է Միսիսիպիում և մեծացել Լուիզիանայում։ Նա համաշխարհային հայտնիություն է ձեռք բերել դեռահաս տարիքում՝ մասնակցելով The Mickey Mouse Club հեռուստաշոուին։ 1990-ականների և 2000-ականների ընթացքում Սփիրսը դարձել է ամենահայտնի փոփ աստղերից մեկը։ Նրա ամենահայտնի հիթերից են՝ «Baby One More Time», «Oops!... I Did It Again», «Toxic»։

