Կառավարությունը մարտի 26-ի նիստում հաստատել է բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ներկայացմամբ՝ ծրագրով նախատեսվում է մինչև 100 հեկտար մակերեսով մշակաբույսերի համար փոխհատուցել հիմնական ծախսերի 50%-ը։
Աջակցությունը վերաբերում է գարնանացան հացահատիկային մշակաբույսերին՝ ցորեն, գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, ինչպես նաև հատիկաընդեղենին՝ ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ և կերային մշակաբույսերին՝ առվույտ և կորնգան։
Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ չափերով՝
- հացահատիկային մշակաբույսեր՝ 70,000 դրամ/հա
- եգիպտացորեն՝ 85,000 դրամ/հա
- հատիկաընդեղեն՝ 100,000 դրամ/հա
- բազմամյա խոտաբույսեր՝ 110,000 դրամ/հա
Նախարարի խոսքով՝ ծրագիրը կներառի վար, ցանք, բերքահավաք և սերմի արժեքի ծախսերը։
Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում կիրականացվի մինչև 27 հազար հեկտար ցանք՝ հավաստագրված սերմերով։
Պապոյանը նշել է նաև, որ 2025 թվականին ծրագրից օգտվել է շուրջ 5200 շահառու, իսկ 2026-ին սպասվում է շահառուների աճ՝ մինչև 5700–6000։
2025-ին իրականացվել է 24 հազար հա ցանք, ինչը 25%-ով ավել է 2024-ի ցուցանիշից։ Նոր ծրագրով նախատեսվում է առնվազն 10% հավելյալ աճ։

