Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի նախապատմության և վաղ պատմության թանգարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ մեկնարկ տալով երկու հաստատությունների միջև ինստիտուցիոնալ գործընկերությանը։ Այդ մասին NEWS.am–ին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Հուշագիրը ստորագրել են Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը և Բեռլինի նախապատմության և վաղ պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆը։ Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Բեռլինի «Նոյես թանգարանում»։
Միջոցառմանը ներկա են եղել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ինչպես նաև գործընկեր մշակութային կառույցների ներկայացուցիչներ։
Հուշագրով նախատեսվում է համատեղ ցուցադրությունների իրականացում և փորձի փոխանակում։ Մասնավորապես, 2026 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի համատեղ ցուցադրություն՝ Բեռլինի «Թանգարանային կղզու» մի շարք թանգարաններից ընտրված ցուցանմուշներով։ Նշվում է, որ դրանց մի մասը կցուցադրվի առաջին անգամ։
2027 թվականին նախատեսվում է փոխադարձ ցուցադրություն Բեռլինում, որի շրջանակում «Թանգարանային կղզում» առաջին անգամ կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից ընտրված նմուշներ։
Համագործակցությունը նպատակ ունի զարգացնել թանգարանային կապերը, ընդլայնել միջազգային ցուցադրական հարթակները և ապահովել պատմամշակութային ժառանգության ներկայացումը նոր լսարաններին։

