Փոքր բիզնեսներում հաճախ կարելի է հանդիպել միևնույն պատկերին․ Instagram-ի կամ այլ սոցիալական ցանցերի էջերի կառավարումը վստահվում է, օրինակ, ընտանիքի որևէ երիտասարդ անդամի՝ պարզապես այն պատճառով, որ նա «միշտ հեռախոսի մեջ է»։ Թեև սա հասկանալի քայլ է և կարող է ծառայել որպես սկիզբ, բիզնեսի առցանց ներկայությունը կառավարելը բոլորովին այլ մոտեցում է պահանջում։ Արդյունավետ SMM-ը հիմնված է հստակ ռազմավարության, հարթակների խորացված իմացության, հետևողականության և բիզնեսի աճի մեխանիզմների ճշգրիտ ընկալման վրա, գրում է Entrepreneur-ը։
«Fix Your Search» ընկերության փորձը ցույց է տալիս, որ սոսկ խանդավառությունը՝ առանց մասնագիտական վերապատրաստման, կարճատև արդյունք է տալիս։ Օրգանիկ սոցմեդիան ընկերության ամենահզոր գործիքներից է, սակայն այն աշխատում է միայն այն ժամանակ, երբ պատասխանատու անձը ճշգրիտ տիրապետում է իր գործիքակազմին։
Ահա յոթ հիմնավոր պատճառ, թե ինչու է SMM թիմի ուսուցումը լավագույն ներդրումներից մեկը բիզնեսի համար․
1. Օրգանիկ սոցմեդիան աճի ամենաթերագնահատված գործիքն է
Վճարովի գովազդները (Paid Ads) կարևոր են, սակայն օրգանիկ բովանդակությունն այն միջավայրն է, որտեղ ձևավորվում է ապրանքանիշի ինքնությունը։ Ճիշտ կառավարման դեպքում այն կառուցում է հավատարիմ համայնք, ապահովում է թիրախային այցելուների հոսք և պահպանում է բրենդի ճանաչելիությունը՝ առանց լրացուցիչ գովազդային ծախսերի։ Սակայն նման արդյունքը պատահականության հետևանք չէ․ այն պահանջում է համակարգված ռազմավարություն և հարթակների տրամաբանության իմացություն։
2. Անձնական ակտիվությունը չի նշանակում բիզնես էջի կառավարում
Սոցիալական ցանցերից անձնական նպատակներով օգտվելը և բիզնեսի համար ռազմավարություն մշակելը լիովին տարբեր հմտություններ են։ Զվարճանքի համար հրապարակումներ անելու և հստակ նպատակադրմամբ բովանդակություն ստեղծելու միջև կա հիմնարար տարբերություն, որի ընկալումն ընկած է արդյունավետ SMM-ի հիմքում։
3. Առանց գիտելիքի հնարավոր չէ սովորեցնել կամ վերահսկել
Եթե բիզնեսի սեփականատերը չի տիրապետում SMM ռազմավարության նրբություններին, նա չի կարող ուսուցանել աշխատակցին կամ նկատել թույլ տրված սխալները։ Արտաքին փորձագետի կամ մասնագիտացված վերապատրաստման ներգրավումը ազատում է ղեկավարին այդ բեռից՝ ապահովելով թիմի քայլ առ քայլ մասնագիտական աճը։
4. Հարթակների առանձնահատկությունների իմացությունը որոշում է ցուցանիշները
Այն, ինչ աշխատում է Instagram-ում, կարող է անարդյունավետ լինել LinkedIn-ում կամ Facebook-ում։ Յուրաքանչյուր հարթակ ունի լսարանի վարքագծի, բովանդակության ձևաչափերի և ալգորիթմների իր տրամաբանությունը։ Բազային վերապատրաստումը ներառում է հարթակների նպատակային օգտագործումը, ներգրավող տեքստերի (captions) գրումը, բովանդակային պլանի (Content Calendar) կազմումը և վերլուծական տվյալների (Analytics) ճիշտ ընթերցումը։
5. Թրենդների ճիշտ կիրառումն անհրաժեշտություն է
Ալգորիթմները նախապատվությունը տալիս են արդիական բովանդակությանը։ Թրենդային ձևաչափերն ու թեմաները մեծացնում են էջի հասանելիությունը (Reach)։ Այնուամենայնիվ, թրենդներին կույր հետևելը՝ առանց դրանք բրենդի ինքնությանը հարմարեցնելու, կարող է վնասել ընկերության հեղինակությանը։ Թիմի մասնագիտական պատրաստվածությունը թույլ է տալիս ճիշտ ինտեգրել թրենդները ընդհանուր ռազմավարության մեջ։
6. Շարունակական քոուչինգն ավելի արդյունավետ է, քան մեկօրյա սեմինարները
SMM-ը մեկանգամյա դասընթացով սահմանափակվող ոլորտ չէ։ Ալգորիթմների և միտումների մշտական փոփոխությունները պահանջում են ռազմավարության պարբերական վերանայում և ճշգրտում։ Բացի այդ, յուրաքանչյուր բիզնես ունի իր առանձնահատկությունները․ տեղական հացատան համար մշակված մոտեցումը կիրառելի չէ ռեստորանի կամ այլ ոլորտի ընկերության համար։
7. Պատրաստված թիմը ձևավորում է վստահելի առցանց ներկայություն
Սոցիալական էջերը հաճախ հանդիսանում են հաճախորդի առաջին տպավորությունը բիզնեսի մասին։ Ուսուցանված թիմը չի զբաղվում պարզապես բովանդակային պլանը լրացնելով․ նա կառուցում է ներկայություն, որը ներշնչում է վստահություն և արտացոլում է բիզնեսի լավագույն կողմերը։
Եթե սոցիալական ցանցերը չեն ապահովում ցանկալի արդյունքը, լուծումը ամեն ինչ զրոյից սկսելը չէ։ Շատ դեպքերում պակասող օղակը թիմի պատշաճ վերապատրաստումն է։ Օրգանիկ SMM-ը երկարաժամկետ ստրատեգիա է, և հաջողության հասնում են այն ընկերությունները, որոնց թիմերը ճշգրիտ հասկանում են իրենց անելիքն ու նպատակները։ Թիմի վերապատրաստման մեջ ներդրում կատարելը սոցիալական ցանցերը անորոշ գործոնից վերածում է բիզնեսի ամենաուժեղ ակտիվներից մեկի։


