Ինչ է տեղի ունեցել․ Ազգային ժողովը 61 «կողմ» և 29 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Ըստ այդմ՝ միավորվում են Արարատի ու Վեդիի, ինչպես նաև Վանաձորի ու Փամբակի համայնքները՝ ձևավորելով երկու նոր, առավել խոշորացված համայնք։
Ինչու է դա կարևոր․ Հայաստանում մեկնարկում է համայնքների խոշորացման նոր փուլ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած օրինագիծն ուղղված է տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանը և ռեսուրսների կենտրոնացմանը։
Թվերի հետևում․
4 համայնք և 54 բնակավայր․ Փոփոխությունները վերաբերում են ընդհանուր առմամբ 4 համայնքի։
Արարատի մարզ․ Արարատ և Վեդի համայնքների միավորումից ձևավորվող նոր համայնքում ընդգրկվելու է 32 բնակավայր։
Լոռու մարզ․ Վանաձոր և Փամբակ համայնքների միավորմամբ ստեղծվող նոր համայնքն ընդգրկելու է 22 բնակավայր։


