Այսուհետ հարկեր չվճարելու դեպքում ՊԵԿ–ը միանգամից հաղորդում չի ներկայացնելու․ ինչ է փոխվել ընթացակարգում

Այս բարեփոխումների նպատակը պետության՝ ի դեմս ՊԵԿ-ի, և հարկ վճարողի փոխվստահության ամրապնդումն է։

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 19–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին փաթեթին:

«Այս փաթեթով ներկայացնում ենք հարկային վարչարարության ամենաառանցքային բարեփոխումներից մեկը, որը վերաբերում է հաղորդումների և քրեական գործերի պրակտիկայի էական բարելավմանը, որը ծնվել է վերջին մեկ տարվա ընթացքում պետություն-մասնավոր համապարփակ համագործակցության արդյունքում»,- տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Այս բարեփոխումների նպատակը պետության՝ ի դեմս ՊԵԿ-ի, և հարկ վճարողի փոխվստահության ամրապնդումն է, հարկ վճարողների լսված լինելու հնարավորւթյունների ընդլայնումը, երկխոսության միջոցով հարկ վճարողների կամավոր կարգապահության բարձրացումը և հարկային հանցագործությունների դեմ առավել թիրախային պայքարը: Սա բխում է ՊԵԿ-ի տեսլականից, որ այն պետք է վերածվի հասարակությանը և հատկապես հարկ վճարողներին որակյալ ծառայություն մատուցող, կամավոր կարգապահությունը խթանող մարդակենտրոն կառույցի, որտեղ բացի ֆիսկալ գործառույթից՝ խթանում են տնտեսական զարգացումը:

Ի՞նչ խնդիրներ ենք ախտորոշել այս ընթացքում: Նախ՝ մեծ հոսք կա դեպի Քննչական կոմիտե՝ հանցագործության  մասով հաղորդումների, և սահմանափակ ռեսուրսի պայմաններում ոչ միշտ է հնարավոր լինում դրանք արդյունավետ իրացնել տվյալ տարվա ընթացքում:

Տնտեսության մեծացմանը զուգընթաց և չափերին ու աճին զուգահեռ՝ մեր համապատասխան շեմերը շարունակում են ցածր մնալ: ՊԵԿ գործիքակազմը սահմանափակված է. հատկապես ներկա օրենսդրությունը միշտ չէ, որ թույլ է տալիս հաղորդումները այլ գործիքակազմով իրացնելու, և քրեական վարույթների շրջանակներում որոշ դեպքերում բիզնես գործունեության որոշակի վնասներ են պատճառվում արգելադրումների միջոցով: Այս բոլոր հարցերի լուծումները տալիս ենք այս փաթեթով: Ինչպե՞ս: Առաջինը՝ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու միջոցով:

Հարկային մարմինը՝ ՊԵԿ-ը տվյալ դեպքում, հարկեր չվճարելու ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելիս ոչ թե պետք է միանգամից ձեռնամուխ լինի հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելուն, այլ ներքին վերլուծական գործիքներով մշակի տեղեկատվությունը և, հարկ վճարողին ծանուցելով, փորձի հիմնավոր բացատրություններ ստանալ կատարվածի մասին:

Հիմնավոր բացատրությունների բացակայության դեպքում հարկային մարմինը հնարավորություն կունենա իր մեկ այլ  գործիքով, որը կոչվում է թեմատիկ ուսումնասիրություն, արձանագրելու իրավախախտումը և կազմելու համապատասխան վարչական ակտը, այնուհետև այդ վարչական ակտը ներկայացնելով հարկ վճարողին՝ Պետական եկամուտների կոմիտեն պետք է սպասի այդ ակտի վարչական բողոքարկման ընթացակարգը սպառելուն:

Տվյալ դեպքում, օրինակ, գոյություն ունի բողոքարկման հանձնաժողով ՊԵԿ-ում, որտեղ կարող է հարկ վճարողը շարունակել բողոքարկել իր մասով գործը»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ դրանից բացառություն է լինում միայն այն դեպքը, երբ վարույթի անհապաղ նախաձեռնումն անհրաժեշտ է ապացույցների պահպանման, թվային տվյալների հայտնաբերման կամ անհետաձգելի ապացուցողական գործողությունների իրականացման նպատակով, և առկա է ողջամիտ կասկած, որ հաղորդումը կարող է հանգեցնել ապացույցների կորստի, ոչնչացման կամ թաքցման:

Այս իրավիճակն էլ պետք է հավաստվի բացառապես ՊԵԿ-ի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից, որը ենթադրում է, որ ՊԵԿ-ը պետք է համապատասխան ինստիտուցիոնալ մեխանիզմներ մշակի նաև ներսում, և դրանով անհրաժեշտություն է առաջանում երկու փոփոխություն անել:

«Թեմատիկ ուսումնասիրության կարգավորումներից հանում ենք հաստատապես հայտնի գործարք լինելու փաստը, ինչպես նաև այդ ուսումնասիրությունը տարվա մեջ միայն մեկ անգամ իրականացնելու սահմանափակումը: Նշեմ, որ մինչև այս առաջարկը ներկայացնելը մենք արդեն ՊԵԿ-ում բարեփոխումներ արել ենք, ու հանցագործությունների հաղորդումները նախաձեռնելուց առաջ համապատասխան բանակցություններ են լինում, աշխատանքային խումբ է ստեղծվել, որտեղ ֆիլտրվում են այդ հաղորդումները, և դրա արդյունքում որակը էապես բարելավվում է:

Արդյունքում ի՞նչ է տեղի ունենալու: Նախնական հաշվարկներով՝ հաղորդումների առնվազն կեսը անցնելու է վարչական գործընթացով, և հարկ վճարողը իրավունք է ունենալու այդ ամբողջ ընթացքում իր արգումենտները ներկայացնել, քննարկել, բանակցել, բողոքարկել, մինչև դա կվերածվի հաղորդման կամ չի վերածվի:

Մյուս փոփոխությունը շեմն է. Շեմի մասով 2 հիմնավորում կա, որից մեկը ես նշեցի. մեր տնտեսության չափերը մեծացել են: 2022 թվականից այս կողմ բավական բարձր տեմպերով, և բացի դրանից էլ, երբ որ ախտորոշում ենք մեր հաղորդումները, տեսնում ենք, որ մինչև 30, 40 մլն գործերն են բավական շատ լինում, և հարյուրից բարձրը: Թիրախավորել ենք հենց այս ներքևի շեմը, որպեսզի հնարավորություն տանք սահմանափակ ռեսուրսները օգտագործելու առավել թիրախային: Երկու շեմ գոյություն ունի. խոշոր՝ 10 մլն, և առանձնապես խոշոր՝ 20 մլն:

Խոշորի դեպքում առաջարկում ենք եռապատկում, այսինքն՝ 10 մլն-ից 30 մլն-ի է առաջարկվում բարձրացնել, իսկ իրար հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում՝ 45 մլն, առանձնապես խոշորի դեպքում՝ մեկ տարվա համար 50 մլն, իրար հաջորդող 3 հարկային տարիների ընթացքում՝ 75 մլն:

Արդյունքում տեղի է ունենալու առնվազն 600 գործի ապաքրեականացում: Դա կարող է տեղի ունենալ երկու ճանապարհով՝ հարկ վճարողի համաձայնությամբ, իսկ այդ գործը նախաձեռնված չլինելու դեպքում չի նախաձեռնվի (իհարկե, այս գործերը հետագայում կդառնան վարչական նշածս պրոցեսում ուսումնասիրության առարկա, իսկ առանձնապես խոշորի դեպքում արդեն ծանրից կդառնա միջին ծանրության, երբ որ շեմերը բարձրանան):

Եվ 3-րդ փոփոխությունը արդեն քրեական դատավարության օրենսգրքում. քրեական վարույթի ընթացքում գույքի արգելադրման գործիքակազմի կիրառումը երբեմն խնդիրներ է առաջացնում, և տնտեսվարող սուբյեկտի գույքի վրա կիրառված արգելանքը խոչընդոտում կամ խաթարում է վերջինիս գործունեությունը, որի հետևանքով տնտեսվարող սուբյեկտի համար առաջանում են էական գույքային ծախսեր: Այս նպատակով անհրաժեշտություն է առաջանում նոր մեխանիզմներ ներդնել:

Մասնավորապես առաջարկվում է վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ քննիչի կամ դատարանի որոշմամբ արգելադրված գույքը արգելանքից հանելու հնարավորություն, եթե գույքի սեփականատերը կամ տիրապետողը ներկայացնում է այդ գույքին համարժեք բանկային երաշխիք: Բացի դրանից՝ մեր քննարկումերի ընթացքում մենք նաև անդրադարձել ենք արժեթղթեր գրավադրելու հնարավորությանը և, ուսումնասիրելով օրենսգրքերը, հանգել ենք մի եզրակացության. արժեթուղթ, պարտատոմս, բաժնետոմս, այսինքն՝ հարկ վճարողը, կարող է նաև պարտատոմսեր, արժեթղթեր գրավադրել, որը հնարավորություն կտա իր եկամուտը չկորցնել, միաժամանակ քրեական պրոցեսները կազմակերպվեն»,- նշեց Էդուարդ Հակոբյանը: