Ավիացիոն բարեփոխումներ Հայաստանում․ որքան բյուջե է նախատեսված

Բարեփոխումների շրջանակում նախատեսվում է նաև կոմիտեի կարգավիճակի փոփոխություն։

Կառավարությունը ապրիլի 23-ի նիստում որոշում է ընդունել ավելի քան 320 մլն դրամ հատկացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխումների համար։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերակազմավորել կոմիտեն՝ աշխատանքի որակի բարձրացման, միջազգային կառույցների արձանագրած թերությունների վերացման և ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։

Հատկացվող 321 մլն դրամը կուղղվի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից (ICAO) բարձրակարգ մասնագետների ներգրավմանը։ Վերջիններս կնպաստեն կառավարման նոր համակարգերի ներդրմանը և տեղական մասնագետների վերապատրաստմանը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2024 թվականին ICAO-ի աուդիտի արդյունքներով Հայաստանի ցուցանիշը կազմել է 52.18%, իսկ 2025 թվականին եվրոպացի փորձագետները հայտնաբերել են շուրջ 58 թերություն։

Բարեփոխումների շրջանակում նախատեսվում է նաև կոմիտեի կարգավիճակի փոփոխություն, որը թույլ կտա ինքնուրույն տնօրինել եկամուտները և ներգրավել բարձր վարձատրվող մասնագետների, այդ թվում՝ օտարերկրյա։

Նշվում է, որ այս քայլերը կապված են նաև ավիացիոն անվտանգության և վերահսկողության բարելավման հետ։ 2020 թվականից հայկական ավիաընկերությունները գտնվում են ԵՄ «սև ցուցակում», ինչի հետևանքով չեն կարող իրականացնել թռիչքներ դեպի Եվրոպական միություն։

Ներկայացված միջոցառումները ուղղված են այդ սահմանափակումների վերացման նախադրյալների ձևավորմանը և միջազգային ավիացիոն շուկաներում ինտեգրմանը։