Ատլանտյան օվկիանոսում ամբողջությամբ հալվել է  հսկա այսբերգը

Վերջին տարիներին դրա չափերը զգալիորեն նվազել էին:

Աշխարհի ամենախոշոր և երկար կյանք ունեցող այսբերգներից մեկը՝ A23a-ն, ամբողջությամբ հալվել է Ատլանտյան օվկիանոսում՝ ավարտելով շուրջ 40 տարվա իր գոյությունը։

Այսբերգը ձևավորվել էր 1986 թվականին՝ պոկվելով Անտարկտիդայի Ֆիլխների սառցադաշտից։ Երկար ժամանակ այն մնացել էր գրեթե անշարժ, սակայն հետագայում սկսել էր շարժվել դեպի հյուսիս։

Իր կյանքի ընթացքում A23a-ն անցել է ավելի քան 2300 կիլոմետր և հասել Հարավային Ջորջիա կղզու շրջան, որտեղ ավելի տաք ջրերի ազդեցությամբ սկսել է արագ քայքայվել։

Վերջին տարիներին դրա չափերը զգալիորեն նվազել էին․ եթե 2020 թվականին մակերեսը գերազանցում էր 6000 քառ. կմ-ը, ապա 2026 թվականի մարտին այն հասել էր մոտ 170 քառ. կմ-ի։

Մասնագետների գնահատմամբ՝ այսբերգի հալումը բնական գործընթաց է, սակայն դրա շարժման և ճեղքման մեխանիզմները դեռ ամբողջությամբ ուսումնասիրված չեն։