ABNews

Աշխատող ծնողների համար կսահմանվի վճարովի «ծնողական ժամ». ինչպես է գործելու նախագիծը

Լուրեր | 2026/05/21 14:46

Աշխատող ծնողների համար կսահմանվի վճարովի «ծնողական ժամ». ինչպես է գործելու նախագիծը

Հայաստանում երեխա ունեցող աշխատողների համար նախատեսվում է ներդնել «ծնողական ժամի» ինստիտուտը։ Համապատասխան օրենսդրական նախագծին հավանություն է տրվել Կառավարության մայիսի 21-ի նիստում։ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը գործադիրին է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը։

Ովքե՞ր կարող են օգտվել արտոնությունից

Ըստ նախագծի՝ աշխատանքի ընթացքում վճարովի բացակայության իրավունքից կարող են օգտվել այն աշխատողները (այդ թվում՝ խնամատար կամ որդեգրող ծնողները), որոնք ունեն.

  • Խնամքին մինչև 12 տարեկան երեխա,

  • Մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա։

Արտոնությունը հավասարապես տարածվում է երկու ծնողների վրա: «Ծնողական ժամը» ենթադրում է աշխատանքից բացակայություն՝ աշխատավարձի լիարժեք պահպանմամբ։

Տևողությունը և բաշխման մեխանիզմը

Ժամանակի տրամադրման սահմանաչափերը տարբերակված են ըստ երեխաների թվի և առողջական կարգավիճակի.

Ծնողի կարգավիճակը / Երեխաների քանակը

Ծնողական ժամի տևողությունը (օրական)

Մինչև 2 երեխա ունեցող ծնողներ

Առավելագույնը 30 րոպե

3 և ավելի երեխա ունեցող ծնողներ

Առավելագույնը 1 ժամ

Մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցողներ

Առավելագույնը 1 ժամ (անկախ երեխաների թվից)

Հետագա լավարկումների հնարավորությունը

Նախարարության փոխանցմամբ՝ կարգավորումը նպատակ ունի պայմաններ ստեղծել աշխատանքային և ընտանեկան պարտականությունների համատեղման համար:

Քննարկման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ չի բացառվում նախագծի հետագա լավարկումը: Մասնավորապես, դիտարկվում է հնարավորություն, որպեսզի ծնողները կարողանան կուտակել հասանելիք րոպեները և դրանք վերաբաշխել կամ օգտագործել մեկ ամբողջական օրվա ընթացքում:

Կառավարության հավանությանն արժանանալուց հետո օրենքի նախագիծը կուղարկվի Ազգային ժողով՝ խորհրդարանական քննարկումների և քվեարկության համար։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը