ABNews

Աշխարհի ամենաէժան մեքենան կարող է վերադառնալ

Լուրեր | 2026/08/12 12:12

Աշխարհի ամենաէժան մեքենան կարող է վերադառնալ

Հիշեցնենք՝ 2009 թվականին Tata-ն Հնդկաստանի շուկայում ներկայացրեց Nano մոդելը, որը դարձավ աշխարհի ամենաէժան ավտոմեքենան

Հնդկական Tata ավտոարտադրողը կարող է կրկին շուկա դուրս բերել Nano մոդելը, որը ժամանակին հայտնի էր որպես աշխարհի ամենամատչելի ավտոմեքենա։ Ընկերության բարձրաստիճան ղեկավարներից մեկը ակնարկել է մոդելի հնարավոր վերաթողարկման մասին։

Նոր Nano-ն, ըստ նախնական տեղեկությունների, կարող է ունենալ էլեկտրական շարժիչ։ Թեև Tata-ի մյուս ներկայացուցիչները դեռևս չեն հաստատել այս տեղեկությունը, ընկերությունը պաշտոնապես չի հայտարարել նաև նոր մոդելի մշակման մասին։

Այնուամենայնիվ, Nano-ի վերադարձը, հատկապես էլեկտրական տարբերակով, բացառված չէ։ Tata-ն շարունակում է առաջատար մնալ Հնդկաստանի ավտոմոբիլային շուկայում՝ զգալի առավելություն ունենալով Mahindra-ի նկատմամբ։ Երկու ընկերությունների մրցակցության տարբերությունն առավել նկատելի է էլեկտրամեքենաների շուկայում։ Միևնույն ժամանակ, Հնդկաստանում դեռևս քիչ են մատչելի էլեկտրամեքենաները, մինչդեռ Չինաստանում, օրինակ, Geely EX2-ի արժեքը մոտ 8500 դոլար է։

Nano մոդելը Tata-ն ներկայացրել էր դեռևս 2009 թվականին։ Մեքենայի մեկնարկային գինը մոտ 2000 դոլար էր, ինչի շնորհիվ այն համարվեց աշխարհի ամենաէժան ավտոմեքենան։ Հետագայում գինը հասավ մոտ 3500 դոլարի, սակայն Nano-ն շարունակում էր մնալ շուկայի ամենամատչելի մոդելներից մեկը։ Այնուամենայնիվ, վաճառքների ցածր ցուցանիշների պատճառով մի քանի տարի անց ընկերությունը դադարեցրեց դրա արտադրությունը։

Այսօր էլեկտրական մեքենաների տեխնոլոգիական զարգացումը հնարավորություն է տալիս ստեղծել փոքր չափերի, պարզ և համեմատաբար էժան ավտոմեքենաներ։ Tata-ն արդեն ունի անհրաժեշտ տեխնոլոգիական բազան, ուստի ընկերությունը տեսականորեն կարող է Nano-ն վերադարձնել շուկա՝ այս անգամ ավելի ժամանակակից և էլեկտրական տարբերակով։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը