Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից. համաշխարհային առաջնորդների ուղերձները

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ հանդես են եկել հիշատակի և համերաշխության ուղերձներով՝ ևս մեկ անգամ ընդգծելով 1915 թվականի ողբերգության պատմական նշանակությունը, դրա հետևանքների խորությունը և նման հանցագործությունների կանխման անհրաժեշտությունը։

Այս հայտարարությունները ոչ միայն հարգանքի տուրք են զոհերի հիշատակին, այլև ընդգծում են միջազգային հանրության պատասխանատվությունը՝ պահպանելու պատմական հիշողությունը, պաշտպանելու մարդկային արժանապատվությունը և կանխելու ցեղասպանությունների կրկնությունը։ Ստորև ներկայացվում են այդ ուղերձների համառոտ տարբերակները՝ յուրաքանչյուրի հիմնական շեշտադրումներով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին
Պուտինը ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկն է՝ նշելով, որ անմեղ մարդիկ ենթարկվել են զանգվածային սպանությունների և տեղահանության։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը պատմականորեն դատապարտել է այդ հանցագործությունը և շարունակում է նույն դիրքորոշումը պահպանել։ Պուտինը նաև կարևորել է միջազգային ջանքերի միավորումը՝ նման բարբարոսությունները կանխելու համար և նշել, որ հայ ժողովուրդը, չնայած վերքին, կարողացել է պահպանել իր ինքնությունն ու արժեքները։

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աուն
Աունը ցեղասպանությունը բնութագրել է որպես մարդկության խղճի վրա բաց վերք՝ վերահաստատելով նվիրվածությունը արդարության և ճշմարտության արժեքներին։ Նա ընդգծել է, որ Լիբանանը պատմականորեն ապաստան է տվել հայերին, որոնք դարձել են երկրի անբաժանելի մասը և մեծ ներդրում ունեն տարբեր ոլորտներում։ Նախագահը կարևորել է հիշողության դերը՝ որպես ապագա ողբերգությունները կանխելու միջոց։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան ապրիլի 24-ին հարգանքի տուրք է մատուցում ցեղասպանության զոհերին՝ ընդգծելով հիշելու և փոխանցելու կարևորությունը։ Նա նաև շեշտել է Ֆրանսիայի և Հայաստանի ժողովուրդների միջև առկա ամուր և պատմական կապերը։

Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլաս
Տասուլասը Հայոց ցեղասպանությունը որակել է որպես մարդկության դեմ ծանրագույն հանցագործություններից մեկը՝ ընդգծելով 1.5 միլիոն զոհերի հիշատակի հանդեպ պարտավորությունը։ Նա նշել է, որ հայ և հույն ժողովուրդները կապված են պատմական փորձություններով և բարեկամությամբ։ Նրա խոսքով՝ պատմական հիշողությունը կարևոր է՝ ռևիզիոնիզմի և նոր բռնությունների կանխման համար։

ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություն Հայաստանում
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Անդրեոլին այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհել ցեղասպանության զոհերի հիշատակին՝ հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն հայերի հիշատակին։