Կառավարությունը մարտի 12-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ԵՄ ՀՆՀ II փուլ» դրամաշնորհային համաձայնագրին։
Ծրագրի նպատակն է հայկական և վրացական էներգահամակարգերի միացումը վրացական սահմանին մոտ՝ Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի միջոցով։ Կայանի վերջնական հզորությունը նախատեսվում է հասցնել 1050 ՄՎտ-ի։
Վրացական կողմից միացումը կիրականացվի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ օդային գծով, իսկ հայկական կողմից՝ Դդմաշենում տեղակայվող 400/220 կՎ ենթակայանից 400 կՎ օդային գծի միջոցով։
Ծրագրի արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում կհասցվի 350 ՄՎտ-ի, իսկ հետագայում՝ տարածաշրջանային շուկայի պահանջարկից ելնելով՝ մինչև 1050 ՄՎտ-ի։
Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցմամբ կբարելավվի ծառայության որակը և կխթանվի տարածաշրջանային էներգետիկ համագործակցությունը։ Ծրագիրը նաև նախադրյալներ կստեղծի ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի հետ զուգահեռ աշխատանքի կազմակերպման համար։
Ծրագրի իրականացման համար կնքված վարկային և դրամաշնորհային միջոցների ընդհանուր բյուջեն առանց հարկերի կազմում է 188,75 մլն եվրո։ Միաժամանակ, 2024 թվականի նոյեմբերին ներկայացված թարմացված նախահաշվային արժեքը կազմում է 542,75 մլն եվրո։

