Հայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուի․ ՖԻՖԱ-ի աշխարհի երիտասարդական առաջնություն

Սա իր նշանակությամբ երկրորդ մրցաշարն է աշխարհում։

Հայաստանն ու Վրաստանը պատմական հանձնառություն են ստանձնել՝ համատեղ հյուրընկալելու Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։ Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ մրցաշարը նախատեսվում է անցկացնել սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։

Ըստ նախնական ծրագրի՝ Երևանը կընդունի մինչև 20 հանդիպում, իսկ ևս 10-ը կբաշխվեն Վանաձորի և Իջևանի միջև։ Այս նպատակով Հայաստանը լայնածավալ շինարարություն է սկսել. Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի համապատասխան (12,000 նստատեղ), իսկ Իջևանում նախատեսվում է կառուցել ամբողջովին նոր մարզադաշտ։

Նախարարը շեշտել է, որ սա իր նշանակությամբ երկրորդ մրցաշարն է աշխարհում, և Հայաստանը պետք է պատրաստ լինի ընդունել ավելի քան 100,000 զբոսաշրջիկի։ Առաջիկայում ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները կայցելեն Երևան՝ մշակելու կազմակերպչական «ճանապարհային քարտեզը»։