ՀՀ կառավարությունը հունվարի 22-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի ստորագրումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։
Կառավարության մշակած 2025 թվականի փոխառությունների տարեկան ծրագրի համաձայն՝ բյուջետային աջակցության համար միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավվող վարկային միջոցների անհրաժեշտությունը գնահատվել է շուրջ 675 մլն ԱՄՆ դոլար։ Այդ համատեքստում ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է ԱԶԲ-ից 150 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկի ներգրավումը։
Բյուջետային աջակցության միջոցների ստացման նախապայման է հանդիսանում երկկողմ համաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով (Ենթածրագիր 3) նախատեսված միջոցառումների և բարեփոխումների իրականացումը, որոնք, ըստ կառավարության, արդեն իսկ կատարվել են։
Նշվում է, որ վարկային միջոցներն ուղղվելու են 2025 թվականի պետական բյուջեով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։
Վարկավորման հիմնական պայմաններն են՝
-
Վարկի գումար՝ 150 մլն ԱՄՆ դոլար
-
Տոկոսադրույքի տեսակ՝ լողացող
-
Տարեկան տոկոսադրույք՝ SOFR + 0.5% մարժա + 0.1% մարման հավելավճար
-
Գործող տոկոսադրույք՝ 4.66% (հաշվի առնելով 2025 թ. դեկտեմբերի 17-ի SOFR՝ 3.69%)
-
Պարտավորության վճար՝ տարեկան 0.15%՝ չմասհանված գումարի նկատմամբ
-
Վարկի ժամկետ՝ 15 տարի
-
Արտոնյալ ժամկետ՝ 3 տարի

