Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Դեսպանին հանձնվել է բողոքի հայտագիր, որում արտահայտվել է խորը վրդովմունք Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վլադիմիր Սոլովյովի հրապարակային հայտարարությունների կապակցությամբ։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ընդգծել են, որ հիշյալ հայտարարությունները դիտարկվում են որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն և թշնամական դրսևորում։ Ըստ նախարարության՝ դրանք կոպտորեն հակասում են Հայաստանի և Ռուսաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքներին։
ԱԳՆ-ն նշել է, որ նման հայտարարությունները չեն նպաստում երկկողմ հարաբերությունների կայուն զարգացմանը և հակասում են պետությունների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության տրամաբանությանը։

