ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում Հայաստանը եզակի դիրքում է

Գործընթացում ՆԳՆ-ն հանդես է գալիս որպես համակարգող մարմին։

Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրոպական Միությունն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով և արդեն ստացել է գործողությունների ծրագիր՝ ռեկորդային կարճ ժամկետում։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում ընդունված գործողությունների ծրագիրը ներառում է մի շարք առանցքային ոլորտներ, որոնք համընկնում են կառավարության բարեփոխումների օրակարգի հետ։ Դրանք են՝ միգրացիան, ապաստանի հարցերը, հանրային անվտանգությունը, մարդու իրավունքները, սահմանների համալիր կառավարումը, ինչպես նաև կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարը։

Նախարարը նշել է, որ գործընթացում ՆԳՆ-ն հանդես է գալիս որպես համակարգող մարմին, և առաջին գնահատման զեկույցը նախատեսվում է ներկայացնել մայիսին։ Նրա համոզմամբ՝ գործընթացը կարձանագրի երկկողմ դրական արդյունքներ։

Անդրադառնալով վիզաների ազատականացման հնարավոր հետևանքներին՝ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ արտագաղթի աճի մտավախություններ չկան։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում հաստատված խաղաղության և իրականացվող բարեփոխումների շնորհիվ արտագաղթը փոխարինվում է ներգաղթով։