Հայաստանը դուրս է գալիս շրջափակումից՝ TRIPP նախագծի շնորհիվ․ վարչապետ

Այսօր էլ է Հայաստանը հաղթահարել շրջափակումը։

Մենք տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ ենք մտնում, ու դա կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացի հետ, և մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որոնք կապված են առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ, որն էական է նրանով, որ այն Հայաստանի Հանրապետությունն ի վերջո ամբողջական դուրս է բերել շրջափակման վիճակից: Այդ մասին Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր էլ է Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ և իրականացվում են, բայց ուզում եմ նաև ասել, որ քաղաքական հստակ հանձնառությունն այն է, որ նաև հնարավոր է երկաթուղով արտահանում իրականացնել, իհարկե, Վրաստանի տարածքով, մինչև մենք Ադրբեջանի հետ TRIPP նախագծի շրջանակներում առաջին հերթին երկաթուղին կբացենք, և սա շատ կարևոր է:

Ուզում եմ ասել, որ քաղաքական պայմանավորվածությունը հետևյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու, այսինքն՝ դա և՛ ներմուծման, և՛ արտահանման հուսալի ուղի է: Բայց ես ինչքան հասկանում եմ, մենք դեռ արտահանման համար առանձնապես երկաթուղին չենք օգտագործում, որովհետև պարզ է, որ 30 տարվա լոգիստիկ շղթաներ են աշխատել, իրենց վերափոխելու համար նախ պետք է վստահություն, մարդիկ պիտի հասկանան, [այն], ինչ ասվում է, ինչքանով է տևական, հուսալի, և երկրորդն էլ՝ լոգիստիկ շղթաները պետք է փոխվեն, որովհետև ուրիշ բան է, որ բեռնատարի տրամաբանությամբ ենք մտածում, ուրիշ բան է, երբ վագոնի տրամաբանությամբ ենք մտածում»,- ասաց նա: