Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ փոխվարչապետերի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետը արտահայտել է Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Հայաստանին նավթամթերք վաճառելու հարցում։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը նախնական ուսումնասիրություն է իրականացրել և այդ հնարավորության մասին տեղեկացրել է այն գործարարներին, որոնք պատրաստ են գործել տնտեսական տրամաբանությամբ՝ առանց գործընթացին քաղաքական բնույթ հաղորդելու։ Նշվել է, որ կառավարությունը որևէ գործարարի պարտադրանք չի ներկայացրել նավթամթերք գնել Ադրբեջանից, այլ միայն տեղեկացրել է նման հնարավորության առկայության մասին։
Նախնական քննարկումներից հետո երկու երկրների ընկերությունները կապ են հաստատել միմյանց հետ։ Ըստ վարչապետի՝ հայկական կողմից այդ գործընթացին մասնակցել է երկու ընկերություն։
Վարչապետը նշել է, որ նավթամթերքի առաջին խմբաքանակի ներմուծման ժամանակ արձանագրվել է վաճառքի սահմանափակում որոշ ցանցերի կողմից, որոնք հրաժարվել են տվյալ բենզինը իրացնել։ Նշվել է, որ այդ հանգամանքը հաստատել է կառավարության նախնական մտահոգությունները՝ գործընթացի հնարավոր բարդությունների վերաբերյալ։
Ըստ վարչապետի ներկայացրած դիրքորոշման՝ նավթամթերքի ներմուծման շուկան բաց է բոլոր տնտեսվարողների համար, և յուրաքանչյուր շահագրգիռ կողմ կարող է օգտվել այդ հնարավորությունից՝ առանց լրացուցիչ սահմանափակումների։
Վարչապետը նաև հայտնել է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխանակում են պոտենցիալ ապրանքախմբերի ցանկեր՝ ուսումնասիրելու, թե ինչ ապրանքներ կարող են գնել և վաճառել միմյանց։ Ներկայում այդ ցանկերը գտնվում են ուսումնասիրության փուլում։

