Մայիսի 28-29-ը Աստանայում կայանալու է 5-րդ Եվրասիական տնտեսական ֆորումը (ԵՏՖ-2026)։ Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հինգ նախարարների ասուլիսի ընթացքում հայտարարվել է, որ միջոցառման նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են։ Ֆորումի այս տարվա հիմնական թեման է՝ «ԵԱՏՄ-ն գլոբալ թվային մրցավազքում․ խաղադրույքը՝ արհեստական բանականության վրա»։
Օրակարգի առանցքային ուղղությունները և նախարարական հայտարարությունները Ֆորումի ծրագիրն ընդգրկում է տնտեսության կենսական ոլորտները, որտեղ ինտեգրացիոն նոր մեխանիզմներ են ներդրվելու.
Տեխնոլոգիաներ և Արդյունաբերություն. ԵՏՀ կոլեգիայի անդամ, նախարար Գոհար Բարսեղյանը հայտնել է, որ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՅՈՒՆԻԴՕ) մասնակցությամբ կանցկացվի երկու պանելային նիստ՝ նվիրված արդյունաբերական համագործակցությանը և թվային վերափոխմանը։ Նախատեսվում է ստորագրել համատեղ գործողությունների ծրագիր։
Տրանսպորտ և Լոգիստիկա. Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական անկայունության ֆոնին եվրասիական տրանսպորտային միջանցքների դերը կտրուկ աճում է։ Հիմնական նպատակն է բեռնափոխադրումների ժամկետների և ծախսերի կրճատումը։
Առևտուր և Կլիմա. Առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի փոխանցմամբ՝ ուշադրության կենտրոնում են լինելու թվային առևտուրը, ապրանքների մակնշման համակարգերն ու կլիմայական օրակարգը։
Անվտանգություն և Կարգավորում. Տեխնիկական կարգավորման նախարար Ալեքսանդր Սուբոտինը նշել է, որ ԱԲ տեխնոլոգիաները կփորձարկվեն սանիտարական և բուսասանիտարական անվտանգության համակարգերում։
Միջազգային ներկայացուցչություն Ֆորումին հրավիրված է ավելի քան 2000 մասնակից։ Բացի ԵԱՏՄ անդամ և դիտորդ երկրներից, Աստանայում սպասվում են պատվիրակություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Վիետնամից և Եգիպտոսից։ Մասնակցություն են հաստատել նաև ՄԱԿ-ի, ԱՀԿ-ի, ՏՀԶԿ-ի, ինչպես նաև ԱՍԵԱՆ-ի, ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի ներկայացուցիչները։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է ստորագրել 12 ինտեգրացիոն փաստաթուղթ։

