Արդյո՞ք Իլոն Մասկը բիզնեսի հանճար է, ինչպես նրան բնորոշում են երկրպագուներն ու ներդրողները, թե՞ «պատմության մեջ տասը ամենապայծառ մտքերից մեկը, ով մրցում է այնպիսի բազմակողմանի հանճարների հետ, ինչպիսիք են Դա Վինչին կամ Նյուտոնը», ինչպես մի առիթով պնդել էր նրա Grok չաթբոտը, գրում է Futurism-ը։
Ինչ էլ որ նա լինի, մի բանում վստահաբար չես կարող մեղադրել նրան՝ ինքնագիտակցության ավելցուկ ունենալու մեջ: Հինգշաբթի վաղ առավոտյան Մասկն իր X սոցիալական ցանցում իմաստուն խորհուրդ է տվել մեզ՝ «աշխատավարձից աշխատավարձ» ապրող մահկանացուներիս․ մի՛ խնայեք փող ապագայի համար, որովհետև դա «անիմաստ է»։
«Գերինտելեկտուալ առատության գալստյան հետ մեկտեղ հեռավոր ապագայի համար փող խնայելն անիմաստ է», — գրել է Մասկն իր թվիթում:
Նա երբեմնի տրիլիոնատեր է, ում կարողությունը SpaceX ընկերության աղմկահարույց IPO-ից (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից) հետո սլացավ $900 միլիարդի սահմանագծից այն կողմ: Եթե նա իր կյանքի առաջիկա քսան տարիների ընթացքում ամեն օր ծախսի 100 միլիոն դոլար, միևնույն է, չի կարողանա սպառել իր կուտակած ամբողջ հարստությունը:
Մասկը նաև բավականին տնտեսող է՝ համեմատած իր մյուս մեծահարուստ գործընկերների հետ: Նա քիչ բարեգործական նախաձեռնություններ ունի և գլխավորապես շատ քիչ է հատկացնում բարեգործական նպատակներին:
Իսկ այն բարեգործական կազմակերպությունը, որը նա ղեկավարում է՝ Musk Foundation-ը, գտնվում է ուշադրության կենտրոնում իր ոչ թափանցիկ կառուցվածքի և կասկածելի նվիրատվությունների պատճառով: Նրա մոտ $15 միլիարդի հասնող ակտիվների մեծ մասն ուղղվել է կազմակերպությունների, որոնք սերտ կապեր ունեն Մասկի և նրա բիզնեսների հետ:
Ոչ վաղ անցյալում Մասկը նաև համաձայնել էր այն մտքին, որ բարեգործական կազմակերպությունները «զուտ բացասական» ազդեցություն ունեն աշխարհի վրա․ թերևս հենց դա է պատճառը, որ նա նույնիսկ ձևացնել չի փորձում, թե իր հիմնադրամն որևէ կերպ բարեգործական է: The New York Times-ը հայտնել էր, որ Musk Foundation-ը 2023 թվականին չի փոխանցել այն նվազագույն գումարը, որը պարտավոր էր հատկացնել՝ շեղվելով սահմանված շեմից ամբողջ $421 միլիոնով:
Այս ամառ The Economist-ին տված այժմ արդեն աղմկահարույց հարցազրույցում Մասկն ասել էր․ «Իրականում չի լինի որևէ բան, որն ԱԲ-ն չկարողանա անել ավելի լավ, քան մարդիկ՝ բացառությամբ, թերևս, մարդ լինելուց», ինչը, նրա պատկերացմամբ, դրական երևույթ է:
«Կարծում եմ՝ ԱԲ-ն կարող է գերազանցել մարդկային ինտելեկտի հանրագումարը մոտ հինգ տարուց», — շարունակել էր նա: — «Ամենահավանական արդյունքը զարմանալի առատության դարաշրջանն է, որտեղ յուրաքանչյուրը կարող է ունենալ այն ամենը, ինչ կարող է մտապահել»:
Սա առաջին անգամը չէ, որ նա խորհուրդ է տալիս պատրաստվել գալիք ապագային՝ դառնալով շռայլ ծախսող:
«Մի՛ անհանգստացեք 10 կամ 20 տարի հետո կենսաթոշակի համար փող կուտակելու մասին. դա նշանակություն չի ունենա», — ասել էր Մասկը հունվարին պոդքասթերից մեկի ժամանակ: — «Ձեզ պետք չի լինի խնայողություններ անել ծերության համար: Եթե մեր ասածներից նույնիսկ մի մասը ճշմարիտ է, կենսաթոշակի համար խնայելը կկորցնի իր իմաստը»:
Այս ամսվա սկզբին Մասկը խոստացել էր «Ամերիկայի յուրաքանչյուր երեխայի» նվիրել SpaceX-ի մեկական բաժնետոմս. քայլ, որը, ըստ երևույթին, պատասխան էր նրա ԱԲ մրցակից Anthropic-ի հայտարարությանը, որն իր բաժնետոմսերի հսկայական մասն ուղղում է բարեգործական «հանրային օգտի հիմնադրամին» (public benefit fund):


