ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը

Մատենադարանում մեկնարկել է «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 15-րդ հոբելյանական սեմինարը՝ ԱրարատԲանկի համաֆինանսավորմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Եվրամիության պատվիրակության աջակցությամբ:

Արդեն երեք տարի է բանկը նյութական աջակցություն է ցուցաբերում «Հիշողության կերպարանքները» ամենամյա գիտագործնական սեմինարին, որը գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման կարևոր հարթակ է։ Միջազգային սեմինարի շրջանակում աշխարհի տարբեր թանգարանների, գրադարանների, արխիվային հաստատությունների և կենտրոնների լավագույն մասնագետները դասախոսություններ ու քննարկումներ են ունենում, ինչպես նաև, փորձի փոխանակում, վարպետության դասերի կազմակերպում՝ Մատենադարանի և Հայաստանի այլ հաստատությունների մասնագետների հետ։

Այս տարվա սեմինարի նիստերին հատուկ ուշադրություն է դարձվելու կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային երկրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի գրավոր ժառանգության պահպանության հաստատությունների առաքելությանը՝ մշակութային ժառանգության պահպանության և փոխանցման գործում։

Սեմինարի շրջանակում տեղի ունեցավ Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի ուսումնասիրման և վերականգնման լաբորատորիայի բացումը։

ԱրարատԲանկն առաջին ֆինանսական հաստատությունն  էր, որը սկսեց համագործակցել Մատենադարանի հետ: Երկու տարի առաջ  ԱրարատԲանկի աջակցությամբ ստեղծվել և վերազինվել է Մատենադարանի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան, ինչը որակական նոր մակարդակի է բարձրացրել Մատենադարանի ձեռագրերի վերականգնման կարողությունները:

ԱրարատԲանկի աջակցությամբ իրականացվել է ևս մեկ խոշոր ու կարևոր ծրագիր. արդիականացվել են Մատենադարանի տեսահսկման և անվտանգության համակարգերը՝ ապահովելով այնտեղ պահվող հայերեն և օտարալեզու բացառիկ ու արժեքավոր ձեռագրերի, ինչպես նաև այցելուների, զբոսաշրջիկների ու Մատենադարանի աշխատակիցների անվտանգությունը։

«Մատենադարանն ունի լիարժեք ներուժ և լիարժեք հնարավորություններ՝ դառնալու բառիս գործնական իմաստով միջազգային կառույց։ Եվ այս ամենի մեջ շատ կարևոր է ոչ միայն պետական աջակցությունը, այլև մասնավոր հատվածի ներգրավվածությունը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր լավագույն բարեկամներից մեկին՝ ԱրարատԲանկին, որը, ըստ էության, այս տարիների ընթացքում դարձավ գրավոր ժառանգության պահպանման համակարգի կատարելագործման և անվտանգության մակարդակը բարձրացնող հաստատություն»,- շեշտել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։

«Յուրաքանչյուր բիզնես այսօր պարտավոր է կանգնել հասարակության կողքին՝ լուծելով տարատեսակ խնդիրներ, թե՛ գիտական, թե՛ բնապահպանական, թե՛ կրթական, թե՛ առողջապահական ոլորտներում։ Իսկ ԱրարատԲանկի սոցիալական ծրագրերի պորտֆելի ավելի քան 50%-ը կազմում են կրթական ծրագրերը։ Սա մեզ  համար կարևոր ցուցիչ է նաև առ այն, որ ԱրարատԲանկը շատ կարևորում է գիտական և կրթական ոլորտները, որոնք իհարկե մեր երկրի ապագայի համար պետք է և կարող են ունենալ մեծ դերակատարում»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։ 


*գովազդ