Ապրիլի 7-ի բիզնես լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ԱԱՏՄ թեժ գիծ․ ավելի քան 2200 զանգ՝ մեկ եռամսյակում
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում թեժ գիծ ծառայությամբ ստացվել է 2207 զանգ։ Զանգերի մեծ մասը վերաբերել է աշխատանքային օրենսդրության վերահսկողությանը՝ 767 դեպք։ 752 զանգ եղել է տեղեկատվական բնույթի։ Տեսչական մարմինը շարունակում է քաղաքացիների դիմումների հիման վրա իրականացնել վերահսկողական գործառույթներ։

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանում սպառողական գների աճ է կանխատեսել
2026 թվականի մարտին Հայաստանում գնաճը կազմել է տարեկան 4,5%, ինչը փետրվարին գրանցված 4,3%-ի համեմատ ավելի է։ Այդ արագացումը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի գների աճով (նախորդ ամսվա 6,4%-ի համեմատ տարեկան 7,8%)։ Դրա մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի հրապարակած վերլուծության մեջ։ Ակնկալվում է, որ սպառողական գների աճն առաջիկա ամիսներին մոտ կլինի ՀՀ Կենտրոնական բանկի նպատակային միջակայքի վերին սահմանին (3±1%)։

Հայաստանը Վրաստանում արտադրվող դեղամիջոցների արտահանման հիմնական շուկան է
Հայաստանը Վրաստանում արտադրվող դեղամիջոցների արտահանման հիմնական ուղղությունն է՝ 5,2 միլիոն դոլար շրջանառությամբ։ Հայաստանին հաջորդում են Տաջիկստանը և Ադրբեջանը։

Պատերազմի մեկնարկից հետո Հայաստանի հետ առևտուրը մի փոքր տուժել է․ Իրանի դեսպան
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմ սկսելուց հետո Իրանի և Հայաստանի միջև առևտուրը որոշ չափով տուժել է, սակայն էական բացասական ազդեցություն չի ունեցել։ Նրա խոսքով՝ տնտեսական համագործակցությունը շարունակվում է բնականոն ընթացքով, սահմանը բաց է, և տրանսպորտային միջոցները շարունակում են անցնել։ Նա նաև նշել է, որ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը կնպաստի տնտեսական կապերի խորացմանը։

2026-ի առաջին եռամսյակում Հայաստանը զբոսաշրջիկների այցելության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
2026 թվականի առաջին երեք ամիսներին Հայաստան է այցելել 453,138 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ցուցանիշը 18.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածը՝ աճը կազմելով ավելի քան 70 հազար զբոսաշրջիկ։ Սա առաջին եռամսյակի համար երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Սաուդյան Արաբիան մայիսին Ասիայի համար նավթի հիմնական տեսակի գինը կբարձրացնի 17 դոլարով
Սաուդյան Արաբիան մայիսին կտրուկ կբարձրացնի Ասիա մատակարարվող հիմնական նավթատեսակի՝ Arab Light-ի գինը՝ 17 դոլարով մեկ բարելի դիմաց՝ հասցնելով այն 19.5 դոլարի։ Սա պայմանավորված է Մերձավոր Արևելքում ռազմական լարվածությամբ և ռեկորդային աճ է՝ համեմատած ապրիլի պայմանագրերի հետ։

Սինգապուրը ներկայացրել է 780 մլն դոլարի աջակցության փաթեթ՝ մերձավորարևելյան պատերազմի հետևանքները մեղմելու համար
Սինգապուրը կտրամադրի մոտ 780 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցության փաթեթ, որը ներառում է կանխիկ վճարումներ և վառելիքի վաուչերներ։ Նպատակն է մեղմել Իրանի դեմ պատերազմի հետևանքով առաջացած էներգակիրների գների կտրուկ աճի տնտեսական ազդեցությունը։

ԵԿԲ-ն երկարատև էներգետիկ ճգնաժամի դեպքում կարող է մի քանի անգամ բարձրացնել տոկոսադրույքները
Հնարավոր է՝ Եվրոպական կենտրոնական բանկը ստիպված լինի մի քանի անգամ բարձրացնել հիմնական տոկոսադրույքները, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամը շարունակվի։ Առաջին բարձրացումը կարող է տեղի ունենալ արդեն այս ամիս։ Եվրագոտում գնաճը մարտին աճել է՝ հասնելով 2.5%-ի։

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը պետք է ապահովի նավթի անխոչընդոտ փոխադրումը․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագիրը պետք է ապահովի նավթի անխոչընդոտ փոխադրումը։ Նա նշել է, որ բանակցությունները շարունակվում են, սակայն ժամանակը սահմանափակ է, և դրանց ձախողման դեպքում ԱՄՆ-ն կարող է ռազմական քայլերի դիմել։