Ապրիլի 6-ի բիզնես լուրերը

Ինչ է կատարվել միջազգային և տնտեսական աշխարհում։

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Երևանում կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Երևանում նախատեսվում է գործարկել YES Parking բջջային հավելվածը, որի միջոցով հնարավոր կլինի կատարել նաև կայանման վճարումներ։ Հավելվածը ամբողջությամբ կգործարկվի առաջիկա շաբաթվա ընթացքում։ Այն հնարավորություն կտա վճարել ոչ թե ֆիքսված ժամային սկզբունքով, այլ ըստ փաստացի կայանման տևողության․ օգտատերը կակտիվացնի հավելվածը կայանելու պահին և կանջատի այն ավարտին, իսկ վճարը կհաշվարկվի այդ ժամանակահատվածի հիման վրա։ Հավելվածի միջոցով դուք կարողանալու եք տեսնել կայանման հատվածներում ծանրաբեռնվածության մակարդակը։

Վերջին վեց տարիների ընթացքում ՌԴ-ից Հայաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալն աճել է ավելի քան 1,5 անգամ
Ըստ փորձագիտական գնահատականների՝ 2025 թվականին Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի մոտ 530 հազար տոննա գյուղատնտեսական արտադրանք՝ ավելի քան 470 միլիոն դոլար արժողությամբ, գրում է «Агроэкспорт»-ը։ Արժեքային առումով ՌԴ-ից ՀՀ արտահանվող ամենաթանկ գյուղատնտեսական արտադրանքը ցորենն է։ Ռուսաստանը նաև Հայաստան է արտահանում թռչնամիս, խոզի միս, ջուր, սոուսներ, շաքար պարունակող հրուշակեղեն, մակարոնեղեն և այլ գյուղատնտեսական արտադրանք։ Վերջին վեց տարիների ընթացքում (2020-2025 թվականներին) արժեքային առումով արտահանման ծավալն աճել է ավելի քան 1,5 անգամ կամ 58%-ով։

Հայաստանում առաջին անգամ ուսումնասիրվել է չգործող պոչամբարների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
Հայաստանում առաջին անգամ իրականացվել է չգործող պոչամբարների ազդեցության գնահատում շրջակա միջավայրի վրա։ Ըստ ներկայացված տվյալների՝ երկրում առկա 22 պոչամբարից 7-ը գործում են, իսկ 9-ը դեռ պետք է բերվեն անվտանգ վիճակի։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝ խիստ վտանգավոր կամ աղետալի վիճակ չի արձանագրվել։ Ուսումնասիրությունները կատարվել են՝ հիմնվելով 2017 թվականին հաստատված կարգի վրա, որը վերաբերում է ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրմանը։ Գործընթացում ներգրավված մարմինները նշում են, որ առկա են անհրաժեշտ մասնագիտական և տեխնիկական հնարավորություններ՝ հետագա գնահատումները շարունակելու համար։


ԿԲ-ն քննարկում է ներդրումային բանկերի լիցենզավորման հնարավորությունը Հայաստանում
Հայաստանի Կենտրոնական բանկում քննարկվում է ներդրումային ուղղվածության բանկերի լիցենզավորման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԿԲ նախագահի թեկնածու, գործող նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով՝ արդեն մշակված են հայեցակարգային մոտեցումներ, որոնք կարող են դրվել քննարկման հիմքում։ Քննարկումների շրջանակում դիտարկվում է նաև բանկային շուկա նոր խաղացողների մուտքի հարցը՝ այդ թվում ներդրումային ընկերությունների կողմից հավելյալ ծառայությունների մատուցման հնարավորությունը։

Նախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ
Նախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ։ Միևնույն ժամանակ, ոստիկանության ծառայողի ատեստավորումը փոխկապակցված կլինի ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման համակարգի հետ, ինչը ծառայողին մշտապես կպահի մրցունակ վիճակում։ ՆԳՆ տվյալներով՝ համակարգը թույլ կտա առավել կարճաժամկետ տիրույթում գնահատել ոստիկանության ծառայողների աշխատանքի որակն ու արդյունավետությունը։


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Միլիարդավոր դոլարների ծախս․ ԱՄՆ-ը ավելացրել է ֆինանսները՝ Իրանի դեմ պատերազմում
Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ծախսերը գերազանցել են 42 միլիարդ դոլարը։ Հաշվարկները հիմնված են Պենտագոնի՝ Կոնգրեսին ներկայացված զեկույցի վրա, ըստ որի՝ ռազմական գործողությունների առաջին վեց օրերի ծախսերը կազմել են 11.3 միլիարդ դոլար։ Հետագա փուլում ծախսերը գնահատվում են մինչև օրական 1 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ նշվում է, որ ներկայացված տվյալները կարող են չարտացոլել ամբողջական պատկերը, և որոշ գնահատականներով իրական ծախսերը կարող են ավելի բարձր լինել։

Աշխարհի ամենաթանկ բենզինը Հոնկոնգում է
Աշխարհի ամենաթանկ բենզինը Հոնկոնգում է՝ մոտ 15,6 դոլար մեկ գալոնի համար, հաղորդում է CNN-ը։ Դա նշանակում է, որ Հոնկոնգում մեկ լիտր բենզինը, փոխարկվելով, արժե ավելի քան 1500 հայկական դրամ։ Պարսից ծոցի նավթ արտադրող պետությունների միջև հակամարտությունը և Հորմուզի նեղուցով անցնող կարևոր նավթի և գազի փոխադրման ուղու փաստացի փակումը վերջին մեկ ամսվա ընթացքում հանգեցրել են նավթի գների կտրուկ աճի ամբողջ աշխարհում։

Ռուսաստանի Կենտրոնական բանկը կսահմանափակի բանկերի կողմից կրիպտոարժույթներով ներդրումները
Ռուսաստանի Կենտրոնական բանկը իրավունք կունենա սահմանափակել բանկերի ներդրումները կրիպտոակտիվներում և արգելքներ սահմանել ֆինանսական հաստատությունների համար որոշակի թվային արժույթային գործարքների վրա։ Օրինագիծը թույլ է տալիս Ռուսաստանի Կենտրոնական բանկին սահմանել լրացուցիչ կանոններ կրիպտոարժույթներով աշխատող առևտրային բանկերի համար՝ անկախ նրանից, թե նրանք դրանք գնում են իրենց համար, թե հաճախորդների համար։

Դոնալդ Թրամփն առաջարկում է նվազեցնել ոչ ռազմական ոլորտի ծախսերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է 2027 ֆինանսական տարվա ֆեդերալ ծախսերի նոր առաջնահերթությունների ծրագիր՝ առաջարկելով ռազմական ծախսերի զգալի աճ և ոչ ռազմական ծախսերի կրճատում 10%-ով։ Ըստ նախագծի՝ պաշտպանության բյուջեն կկազմի 1.5 տրլն դոլար, ինչը ներառում է 500 մլրդ դոլարի չափով նոր ֆինանսավորում՝ նախատեսված «Ոսկե գմբեթ» ծրագրի, կարևոր հանքանյութերի պաշարների համալրման և նավաշինության ընդլայնման համար։ Զինվորականների վարձատրությունը պլանավորված է բարձրացնել 5-7%։