Ապրիլի 21-ի բիզնես լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Առաջարկվում է ընդլայնել զինծառայողների սոցիալական երաշխիքների շրջանակը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել զինծառայողների վնասների հատուցման համակարգում՝ ներառելով նաև 1998–2016 թվականների դեպքերը։ Հատուցումները կիրականացվեն հիմնադրամի միջոցով, իսկ ավելի վաղ դեպքերի շահառուները կճշտվեն փաստաթղթերով կամ հանձնաժողովի եզրակացությամբ։

500 դրամանոց մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ
ԿԲ-ն հայտնում է, որ 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամները շարունակում են լինել օրինական վճարամիջոց և շրջանառությունից դուրս չեն գալիս։ Քաղաքացիները կարող են ազատորեն օգտագործել դրանք առօրյա վճարումների համար։

Քննարկվել են Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման հարցեր
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակում ֆրանսիական կողմի ներգրավվածությունը, ինչպես նաև այլ ենթակառուցվածքային ծրագրեր։

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքի նոր խմբաքանակ
Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքի 16 վագոն։ 2025 թվականի դեկտեմբերից սկսած արդեն արտահանվել է շուրջ 6312 տոննա վառելիք։

Հայաստանը կարող է շահել կապիտալի և զբոսաշրջիկների հոսքերի վերահասցեավորումից
ԱՄՀ-ի գնահատմամբ՝ Հայաստանը կարող է օգտվել Մերձավոր Արևելքից կապիտալի և զբոսաշրջային հոսքերի վերաուղղումից՝ տարածաշրջանային զարգացումների ֆոնին։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում կքննարկեն ավիացիոն վառելիքի գների աճի ազդեցությունը
ԵՄ տրանսպորտի նախարարները նախատեսում են քննարկել ավիացիոն վառելիքի գների աճը և դրա ազդեցությունը շուկայի վրա։ Քննարկվում են նաև այլընտրանքային փոխադրումների խթանման միջոցառումներ։

ԱՄՆ-ի ռազմական ծախսերը Իրանի դեմ գործողության շրջանակում գերազանցել են 56 մլրդ դոլարը
ԱՄՆ-ի ծախսերը Իրանի դեմ գործողության շրջանակում արդեն անցել են 56.6 միլիարդ դոլարը՝ օրական մոտ 1 միլիարդ դոլարի ծախսով։

ԱՄՆ-ը 2025-ին արտադրել է ավելի քան 1 տրլն խմ գազ
Միացյալ Նահանգները 2025 թվականին արտադրել է շուրջ 1,069 մլրդ խորանարդ մետր բնական գազ՝ պահպանելով առաջատար դիրքը համաշխարհային շուկայում։

Մինչև 2030 թվականը Եվրոպայի ամենահարուստ երկրները կարող են մնալ գրեթե նույնը
ԱՄՀ կանխատեսմամբ՝ Իռլանդիան կարող է դառնալ Եվրոպայի ամենահարուստ երկիրը մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ով, իսկ առաջատար հնգյակում կմնան նաև Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Շվեյցարիան և Դանիան։