Ապրիլի 15-ի բիզնես լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են զգալ Իրանի դեմ ամերիկյան շրջափակման հետևանքները
Իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը կարող է ազդել ոչ միայն Իրանի խոշոր գործընկերների՝ Չինաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի և Պակիստանի, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի վրա։ Երկու երկրներն էլ 2024 թվականին եղել են իրանական ապրանքների խոշոր ներկրողների թվում։

Ընտրական բոլոր ծախսերը պետք է լիարժեք արտացոլվեն հայտարարագրերում
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ ընտրական գործընթացում կատարվող բոլոր ծախսերը պետք է ամբողջությամբ ներկայացվեն քաղաքական ուժերի հայտարարագրերում։ Խիստ վերահսկողություն է սահմանվել նաև արտաքին գովազդի տեղադրման նկատմամբ։

Համաշխարհային բանկի պատվիրակությունը հյուրընկալվել է Արդարադատության նախարարությունում
Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արդիականացումը, Ազգային արխիվի թվայնացման գործընթացը և այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը։

2021-2025 թթ․ ՀՀ տնտեսական աճը գերազանցել է համաշխարհային միջինը
2021-2025 թվականներին Հայաստանի միջին տարեկան տնտեսական աճը կազմել է 7.9%, ինչը զգալիորեն բարձր է համաշխարհային միջինից (4.1%) և ԵԱՏՄ միջինից (3.1%)։ Նշված ժամանակահատվածում Հայաստանում ստեղծվել է 288 հազար աշխատատեղ։

Երևանի Կենտրոն վարչական շրջանում բնակարանների գինը փոքր-ինչ նվազել է
2026 թվականի փետրվարին Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմել է 898,000 դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0.2%-ով։


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ կիրառել Իրանի հետ կապ ունեցող բանկերի նկատմամբ
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է Չինաստանի, Հոնկոնգի, ԱՄԷ-ի և Օմանի ֆինանսական կառույցներին՝ Իրանի հետ գործարքների համար հնարավոր պատժամիջոցների մասին։ Նշվում է, որ 2024 թվականին Իրանը շուրջ 9 միլիարդ դոլար է շրջանառել ամերիկյան բանկային համակարգի միջոցով։

Հունգարիան չի կարող հրաժարվել ռուսական նավթից
Հունգարիայի քաղաքական առաջնորդ Պետեր Մադյարը նշել է, որ «Դրուժբա» խողովակաշարով մատակարարվող ռուսական նավթը կենսական նշանակություն ունի երկրի համար և դրանից հրաժարվելն անհնար է։

ԱՄՆ-ն վերականգնել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները
ԱՄՆ-ը չի երկարաձգել ռուսական նավթի վաճառքի ժամանակավոր մեղմացումները՝ վերականգնելով սահմանափակումները։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նավթային եկամուտները 2026 թվականի մարտին հասել են 19 միլիարդ դոլարի։

Ֆրանսիայում գնաճը հասել է առավելագույն մակարդակի՝ 2024 թվականից ի վեր
Ֆրանսիայում մարտին գնաճը կազմել է 2%՝ գերազանցելով նախնական գնահատականը։ Գնաճի աճը պայմանավորված է էներգակիրների թանկացմամբ՝ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ֆոնին։