Ապրիլի 13-ի բիզնես լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում ներդրումներն աճել են 88%-ով
2025-ին 2024-ի համեմատ Հայաստանում ընդհանուր ներդրումներն աճել են 88%-ով, իսկ ուղղակի ներդրումները՝ 3,6 անգամ։ Այս մասին հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Իրական հատվածում կատարված զուտ ներդրումների հոսքերի ծավալով առաջատար երկրներն են ԱՄՆ-ը, Լյուքսեմբուրգը և Ղազախստանը։

ԵՏՀ-ն Հայաստանին մինչև 5 հազար տոննա սոխի ներմուծման արտոնություն է տրամադրել
Եվրասիական տնտեսական միության շրջանակում սոցիալական նշանակություն ունեցող որոշ բանջարեղեններ միջսեզոնային շրջանում կազատվեն մաքսատուրքից։ Հայաստանը կկարողանա ներմուծել մինչև 5 հազար տոննա սոխ՝ արտոնյալ պայմաններով։ Արտոնությունը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Հայաստանը դուրս է գալիս շրջափակումից՝ TRIPP նախագծի շնորհիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր փուլ՝ պայմանավորված տարածաշրջանային խաղաղության գործընթացով։ TRIPP նախագծի գործարկումը, ըստ նրա, հնարավորություն կտա երկրին դուրս գալ շրջափակման վիճակից։ Նա նաև նշել է, որ երկաթուղային փոխադրումները դեռևս սահմանափակ կիրառություն ունեն՝ լոգիստիկ պատճառներով։

ԲԸՏՄ-ն քննարկել է վերահսկողության խստացման և թվայնացման քայլերը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ստուգումների ընթացքը, վարչական վարույթների արդյունքները և վերահսկողության ընթացքում առաջացած խնդիրները։ Առանձնացվել են նաև թվային արդիականացման և նորարարական լուծումների ներդրման ուղղությունները։

Քննարկվել են սննդամթերքի արտահանման ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Ալ-Մուլլայի հետ։ Քննարկվել են արտահանման ընթացակարգերի պարզեցումը, կենդանի կենդանիների և գյուղատնտեսական մթերքների արտահանումը, ինչպես նաև համագործակցության հուշագրի ստորագրումը։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Լիբանանում բանջարեղենի գները մեկ ամսում աճել են ավելի քան 40%-ով
ՄԱԿ-ի տվյալներով՝ Իսրայելի հետ լարվածության սրման պայմաններում Լիբանանում բանջարեղենի գները մեկ ամսում աճել են ավելի քան 40%-ով, իսկ հացի գները՝ 17%-ով։ Միաժամանակ նվազել են բնակչության եկամուտները՝ տեղահանությունների ֆոնին։

Չինաստանը կխթանի ներմուծումը՝ նվազեցնելու առևտրային անհավասարակշռությունը
Չինաստանը նախատեսում է ընդլայնել ներմուծման ծավալները՝ նվազեցնելու առևտրային անհավասարակշռությունը։ 2025 թվականին երկրի ներմուծումը կազմել է 18.5 տրիլիոն յուան, և այն արդեն 17 տարի անընդմեջ երկրորդ տեղում է աշխարհում այս ցուցանիշով։

Իրանը բենզինի գների կտրուկ աճ է կանխատեսում ԱՄՆ-ում
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ամերիկացիների համար բենզինի գները կարող են կտրուկ աճել՝ կապված հնարավոր «շրջափակման» հետևանքների հետ։

ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը մարտին աճել է՝ հասնելով 164 մլրդ դոլար
2026 թվականի մարտին ԱՄՆ պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է 164,1 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 2,2%-ով։ Չնայած եկամուտների աճին՝ բյուջեի բացը պահպանվում է՝ ծախսերի շարունակական ավելացման պատճառով։