ABNews

Apple-ի նոր ղեկավարի պարզ կանոնը, որից պետք է օրինակ վերցնի յուրաքանչյուր ընկերություն

Գործարար կենսակերպ | 2026/11/02 21:58

Apple-ի նոր ղեկավարի պարզ կանոնը, որից պետք է օրինակ վերցնի յուրաքանչյուր ընկերություն

Կարծիք կա, որ արհեստական բանականությունը (ԱԲ) անշրջելիորեն կփոխի համակարգիչների հետ մեր աշխատելու ձևը։ Սա բնավ չի նշանակում, թե խնդիրներ չկան, կամ որ ներկայիս հիպը կայուն է։ Պարզապես փոխվելու են համակարգիչների հետ փոխազդելու և խնդիրներ լուծելու եղանակները, քանի որ հնարավոր է դարձել գործարկել գործակալներ (agents), որոնք համակարգչից օգտվում են այնպիսի ձևերով, որոնք հասանելի չեն մարդկանց։

Միևնույն ժամանակ, ԱԲ-ն ամեն ինչ չէ: Այն պարզապես այդպիսին չէ: Սակայն տեխնոլոգիական ընկերություններն այլ կարծիքի են։

Բավական է բացել նոթբուքում տեղադրված գրեթե ցանկացած հավելված կամ ծառայություն։ Հավանականությունը մեծ է, որ ինչ-որ մեկը քննարկել է ԱԲ ավելացման հարցը։ Մինչդեռ հանդիպման մասնակիցներից ոչ ոք չի մտածել՝ արդյոք արտադրանքն ավելի լավը կդառնա դրանից, թե՞ ոչ․ կարևորը միայն այն էր, թե ինչպես այն ներդնել, որպեսզի հնարավոր լինի ծառայությունը ներկայացնել որպես ԱԲ-ի վրա հիմնված։

Օրինակ՝ հենց վերջերս բացվել է մի կայք, որը շաբաթական պարբերությամբ օգտագործվում է փոդքաստներ ձայնագրելու համար։ Շოու ձայնագրելու սովորական տարբերակների փոխարեն հայտնվել է ԱԲ չաթբոտի ինտերֆեייס, որը հարցնում է, թե ինչ է հարկավոր անել։

Դժվար թե որևէ մեկին դուր գա ապրել մի աշխարհում, որտեղ ամեն ինչ՝ փոդքաստի ծրագրերից մինչև հաճախորդների սպասարկման չաթբոտներ ու սառնարաններ, փորձում է օգտատերերին պարտադրել ԱԲ գործիքներ՝ անկախ նրանից՝ դրանք խնդրել են, թե ոչ։ Միակ բանը, որ կարծես թե կարևոր է, մյուսներից հետ չմնալու մոլուցքն է։

Փոխարենը՝ պետք է տալ հետևյալ հարցը. «Արդյո՞ք սա ավելի լավն է դարձնում արտադրանքը»: Դեպքերի մեծ մասում, առնվազն 2026 թվականի նոյեմբերի դրությամբ, պատասխանը բացասական է:

Հենց այս պատճառով էլ առնվազն ողջունելի է, որ Apple-ի նոր գործադիր տնօրեն Ջոն Տերնուսն այլ մոտեցում ունի։ Wired-ի հետ զրույցում Սթիվեն Լևին հետաքրքրվել է ԱԲ-ի մրցավազքում Apple-ի դիրքերով։ Դա միանգամայն տրամաբանական է, քանի որ Apple-ը վերջին տարիներին պայքարում էր 2024 թվականին խոստացված գործառույթները գործարկելու համար։ Մինչ մյուս տեխնոլոգիական ընկերություններն ամբողջովին կենտրոնացել էին ԱԲ առաջատար մոդելների զարգացման վրա, Apple-ը զսպվածություն էր ցուցաբերում:

Այնուամենայնիվ, Տերնուսն առանձնահատուկ անհանգստություն չի ցուցաբերում։ Նա Լևիին վստահեցրել է․ «Ինձ իսկապես դուր է գալիս մեր դիրքը», որից հետո հնչել է մի միտք, որին պետք է ուշադրություն դարձրի ցանկացած ընկերություն. «Մենք չենք ցանկանում ԱԲ ներդնել հանուն ԱԲ-ի»։

Մի կողմից՝ սա ակնհայտ է թվում։ Հավանաբար արժանի չէ որևէ բան ավելացնել արտադրանքին միայն այն պատճառով, որ հնարավոր է դա անել: Եվ անշուշտ, չպետք է ավելացնել մի բան, որն ուղղակի գերհայտնի է դարձել։

Բանն այն է, որ մարդկանց մեծամասնությանն իրականում չի հետաքրքրում՝ արդյոք իրենց օգտագործած ծրագրաշարն ունի արհեստական բանականություն, թե ոչ։ Նրանց կարևորը միայն այն է, թե արդյոք այն աշխատում է: Նրանց հետաքրքրում է՝ արդյոք տեխնոլոգիան հեշտացնում է կյանքը, խնայում ժամանակը կամ օգնում անել մի բան, որը նախկինում անհնար էր։ Եթե ԱԲ-ն կարող է դա անել, հիանալի է: Բայց այն պարզապես արտադրանքին կցելը չի դարձնում վերջինս ավելի լավը:

Apple-ն, անշուշտ, զերծ չէ թերություններից։ Ընկերությունը մեծ խոստումներ էր տվել Apple Intelligence-ի մասին դեռևս 2024 թվականին։ Խնդիրն այն էր, որ այն պատրաստ չէր, իսկ գործող հատվածներն այնքան էլ արդյունավետ չէին։ Արդյունքում ընկերությունը ստիպված եղավ հետաձգել հիմնական գործառույթների թողարկումը և սկսեց համագործակցել Google-ի հետ՝ Siri-ն և Apple Intelligence-ը սնուցող ԱԲ մոդելները մշակելու համար։

Անշուշտ, տեղին է հարցնել՝ արդյո՞ք Տերնուսի խոսքերը պարզապես հարմար արդարացում չեն այն բանի, որ Apple-ն իր մրցակիցներից դանդաղ է շարժվում։ Հաշվի առնելով, որ անխուսափելի է ԱԲ գործակալների կողմից մարդկանց՝ համակարգիչների հետ փոխազդելու եղանակների հիմնարար փոփոխությունը, Apple-ը չի կարող իրեն թույլ տալ անտեսել այս միտումը միայն այն պատճառով, որ նախընտրում է ամեն ինչ անել յուրովի:

Այնուամենայնիվ, Տերնուսը կարևոր միտք է հայտնում այն մասին, թե ինչպես պետք է ընկերությունները մոտենան արտադրանքի ստեղծմանը։ Նույն հարցազրույցում նա ապրանքների ստեղծումը բնութագրել է որպես «խորապես մարդկային և անձնական գործընթաց»։

Սա է հենց հիմնական գաղափարը։ Տեխնոլոգիական ընկերությունները հաճախ գերվում են այն բոլոր հիանալի հնարավորություններով, որոնք տալիս են տեխնոլոգիաները։ Այդ ամենը տեղի է ունենում այն ամենի հաշվին, ինչն իրականում անհրաժեշտ է մարդկանց։ Ի վերջո, հենց մարդիկ են ցանկացած ստեղծվող արդյունքի գոյության հիմնական պատճառը:

Լավագույն արտադրանքները պարտադիր չէ, որ ունենան առավելագույն թվով գործառույթներ կամ ամենաբարդ տեխնոլոգիաները: Լավագույնն այն ապրանքներն են, որոնք իրական խնդիրներ են լուծում օգտակար և հաճելի եղանակներով:

Այս մոտեցումը պետք է գործի նաև արհեստական բանականության պարագայում։ Նախքան արտադրանքում նոր ԱԲ գործառույթներ ներդնելը, ընկերությունները պետք է տան պարզ հարց. «Արդյո՞ք սա հետաքրքրում է մեր հաճախորդներին, թե՞ մենք սա անում ենք զուտ լավ մարքեթինգային քայլի համար»։ Եթե պատճառը երկրորդն է, ապա հնարավոր է՝ այդ գործառույթն ընդհանրապես ստեղծման կարիք չունի։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը