2025 թվականի չորրորդ եռամսյակում Apple-ը զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը սմարթֆոնների համաշխարհային շուկայում։
Counterpoint Research-ի տվյալներով՝ աշխարհի տասը ամենավաճառվող սմարթֆոններից հինգը iPhone-ներ են։
Վարկանիշը գլխավորում է iPhone 17 Pro Max-ը, որը դարձել է տարվա ամենապահանջված մոդելը։ Երկրորդ և երրորդ տեղերում են iPhone 17-ը և iPhone 17 Pro-ն՝ ապահովելով Apple-ի լիակատար գերակայությունը առաջատար եռյակում։
Թոփ-10-ում ընդգրկվել են նաև նախորդ սերնդի մոդելներ․ iPhone 16-ը զբաղեցրել է չորրորդ, իսկ iPhone 16e-ն՝ ութերորդ տեղը։
Samsung-ը ներկայացված է չորս մոդելով՝ Galaxy A56, A36, A07 և S25, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար 5-րդ, 6-րդ, 7-րդ և 10-րդ հորիզոնականները։
Չինական բրենդներից միայն Xiaomi-ն է ընդգրկվել տասնյակում՝ Redmi A5 մոդելով, որը զբաղեցրել է 9-րդ տեղը։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ տասը ամենավաճառվող սմարթֆոններին բաժին է ընկել համաշխարհային մատակարարումների շուրջ 23%-ը։ Միայն iPhone 17 Pro Max-ը ապահովել է շուկայի մոտ 5%-ը։
2025-ի ընթացքում iPhone 16-ը մնացել է Apple-ի ամենակայուն մոդելը՝ հայտնվելով լավագույն տասնյակում տարվա բոլոր եռամսյակներում։

