ABNews

Ապարանում Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ

Լուրեր | 2026/06/24 16:23

Ապարանում Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանի, գիտնական-քարտուղար Ավետիս Գրիգորյանի և Արագածոտնի մարզային ծառայության մասնագետների մասնակցությամբ, հերթական մշտադիտարկման շրջայցն են իրականացրել Արագածոտնի մարզի Ապարան համայնքի մի շարք հուշարձանների տարածքում։ Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Շրջայցի ընթացքում մասնագետները փաստագրել են Ապարանի ջրամբարի ջրածածկման գոտում հայտնված Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու ներկայիս ֆիզիկական վիճակը։ Բացի այդ, արձանագրվել է տեղումների պատճառով փլուզված Ափնագյուղի 19-րդ դարի կամրջի վիճակը։ Մշտադիտարկման ծրագրում ընդգրկված են եղել նաև Եղիպատրուշի Սբ Աստվածածին եկեղեցին, Աստվածընկալ եկեղեցական համալիրը և տարածաշրջանի այլ պատմական կառույցներ։

Ապարանի ջրամբարն ու 60-ամյա պատմական տեղատվությունը Ուղիղ 60 տարի առաջ՝ 1966 թվականին, Քասախ գետի ջրերով լցվեց նորակառույց Ապարանի ջրամբարը, ինչի հետևանքով ջրածածկման գոտում հայտնվեցին 3 բնակավայրեր և դրանց տարածքում գտնվող տասնյակ պատմամշակութային հուշարձաններ։

1966-1967 թթ․ ընթացքում հնագետներին ու ինժեներներին հաջողվեց փրկել ու ջրամբարի արևելյան ափի բարձունքին վերակառուցել Զովունի գյուղի 4-7-րդ դարերի Թուխ Մանուկ և Սբ Վարդան եկեղեցիները։ Սակայն 4-րդ դարի եզակի հուշարձանը՝ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին, բազմաթիվ վերակառուցումների և քարի փխրունության պատճառով հնարավոր չեղավ տեղափոխել, և այն մնաց իր պատմական վայրում՝ դառնալով ջրամբարի խորհրդանիշը։

Ուշագրավ փաստ. Մշտադիտարկման երկարամյա տվյալները ցույց են տալիս, որ անցած 60 տարիների ընթացքում եկեղեցին 9 անգամ ամբողջությամբ հայտնվել է ջրի տակ։ Այս տարի ևս, առատ տեղումների հետևանքով, ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով վաղմիջնադարյան կառույցը։

Գնթունյաց իշխանների ժառանգությունը Ըստ պատմական տվյալների՝ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հավանաբար կառուցվել է 4-րդ դարում՝ հեթանոսական տաճարի հիմքերի վրա։ Կառույցի որմնամույթերից մեկին պահպանված արձանագրության մեջ հիշատակվում է Գնթունյաց նախարարական տան գլխավոր իշխան Գրիգորի անունը, ում ջանքերով էլ ժամանակին վեր է խոյացել այս տաճարը։ ՊՈԱԿ-ի մասնագետները շարունակում են վերահսկողությունը հուշարձանի պահպանման վիճակի նկատմամբ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը