Պայմանագրի շրջանակում Ամունդի-Ակբան երեք տարվա ընթացքում Երևանի
պետական համալսարանի ուսանողներին հասանելիություն կտրամադրի Ամունդի-Ակբա ակադեմիայի
դասընթացներին։
Ամունդի-Ակբան, որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն, բարձր է գնահատում կրթության դերը երկրի կայուն զարգացման գործում և կարևորում է հասարակության ֆինանսական գրագիտության շարունակական զարգացումը, որը երկարաժամկետ ազդեցություն է ունենալու։
«Երևանի պետական համալսարանը կարևորում է կրթությունը ոչ միայն
որպես մասնագիտական գիտելիքի փոխանցման, այլև որպես ժամանակակից հասարակությունում
պատասխանատու և իրազեկ քաղաքացի ձևավորելու գործընթաց։ Ֆինանսական գրագիտությունն այսօր
երիտասարդի մրցունակության, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության և երկարաժամկետ
զարգացման կարևոր բաղադրիչներից է։ Ուրախ ենք, որ այս համագործակցության շնորհիվ մեր
ուսանողները հնարավորություն կունենան օգտվելու միջազգային չափանիշներին համապատասխան
կրթական ռեսուրսներից և խորացնելու իրենց գիտելիքները ֆինանսների ու ներդրումային մշակույթի
ոլորտում», - նշում է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Մեր սոցիալական պատասխանատվության հիմքում կրթությունն է։ Հայաստանը
չունի բնական շատ պաշարներ, բայց ունի տաղանդներ։ Կայուն զարգացման ու հզոր պետություն
կառուցելու համար պետք է ունենալ լավ կրթական համակարգ․ այդ առումով շատ խորհրդանշական է Հայաստանի Մայր բուհի հետ համագործակցության պայմանագիր
կնքելը։ Վստահ եմ, որ միավորելով ջանքերը երկրի կայուն զարգացման համար, մենք ստեղծելու
ենք երկարաժամկետ ազդեցություն», - հավելում է Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն Ժան
Մազեջյանը։
Կողմերը վստահ են, որ այս համագործակցությունը կնպաստի նաև համալսարանականների
ֆինանսական գրագիտության ամրապնդմանը։
Ամունդի-Ակբա ակադեմիան առաջարկում է ֆինանսների կառավարման
և ներդրումային ռազմավարությունների առցանց ուսուցման դասընթացներ՝ նախատեսված ինչպես
սկսնակների համար՝ ֆինանսական ոլորտում հիմնարար գիտելիքներ ստանալու, այնպես էլ փորձագիտական
գիտելիքները խորացնելու նպատակով ոլորտի մասնագետների համար։ Դասընթացները հասանելի
են հայերենով և տեղայնացվել են ֆրանսիական Ամունդի ակադեմիայից, որոնք մշակվել են տարբեր
ինստիտուտների միջազգային փորձագետների կողմից և համապատասախանում են միջազգային լավագույն
ստանդարտներին։
Ակադեմիան ներառում է դասընթացների չորս ուղղություն՝ հիմնարար,
փորձագիտական, ֆինանսական (հիմնված՝ «հավաստագրված ֆինանսական վերլուծաբանների»
(CFA) նյութերի վրա) և ESG (ԲՍԿ): Երևանի պետական համալսարանի ուսանողները կունենան
անվճար հասանելիություն դասընթացներին և հնարավորություն կստանան մասնակցելու ակադեմիայի
այլ ծրագրերին:
Երևանի պետական համալսարանի մասին
Երևանի պետական
համալսարանը ՀՀ ամենամեծ և առաջատար բուհն է, որն առաջարկում է ամենալայն, ամենաարդիական
և մշտապես թարմացվող կրթական ծրագրերը։ Այստեղ ստացած կրթությունը հնարավորություն
է տալիս դառնալու մրցունակ մասնագետ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։
Համալսարանն
առաջարկում է բակալավրիատի և մագիստրատուրայի բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնց շրջանակում
ուսանողները բացահայտում են գիտության տարբեր բնագավառներ, հնարավորություն ունենում
ծանոթանալու միջազգային փորձին ոչ միայն համալսարանում, այլև արտասահմանյան մի շարք
բուհերում, ինչպես նաև ստանալու կրթաթոշակներ և օգտվելու մի շարք այլ հնարավորություններից:
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը
կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ. փետրվարի 28-ի
դրությամբ կառավարման ներքո ունենալով 785.8
մլրդ դրամ զուտ ակտիվներ։
Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի
առաջատար ակտիվների կառավարիչն է ավելի քան 2.380 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով՝
2026թ․հունվարի 30-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի
խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի
66 մասնաճյուղ։

