ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հայտարարել է, որ երկուշաբաթյա ժամկետ է խնդրվել «Վեոլիա ջուր» ընկերության հետ աշխատելու և ջրամատակարարման գործող ժամանակացույցը վերանայելու համար։
Նրա խոսքով՝ նախնական գնահատականներով առկա է ժամանակացույցի բարելավման պոտենցիալ։
Որոնք են հիմքերը
Գնահատականը հիմնված է երկու գործոնի վրա.
-
Ընթացիկ և նախատեսվող պարտադիր կապիտալ աշխատանքներ, որոնց արդյունքում նախատեսվում է ապահովել ջրի խնայողության էական ծավալներ՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում։
-
Հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնցից ջուրը դեպի Երևան տեղափոխելու գործընթացը նախատեսվում է արագացնել՝ լրացուցիչ ռեսուրսների ներգրավմամբ։
Գիշերային անջատումների վերանայում
Ղալամքարյանի խոսքով՝ ամառային պիկ ամիսներին գիշերային ջրանջատումները պահպանվելու են՝ ջրավազանների լցվածությունն ապահովելու նպատակով։ Սակայն հայտարարված 7-ժամյա անջատումը հնարավոր է կրճատել մինչև 3–4 ժամ։
Կորուստներ և ներդրումներ
Ոռոգման համակարգում ջրի կորուստները գնահատվում են 46–50 տոկոսի սահմաններում։
Ջրամատակարարման ենթակառուցվածքների մասով նշվել է, որ «Վեոլիա ջուրը» ստանձնել է 80 տոկոս հայտարարագրված կորուստներով համակարգ, որոնք ներկայում նվազեցվել են մինչև 55–60 տոկոս՝ տարբեր հատվածներում տարբեր ցուցանիշներով։
Նշվել է նաև, որ վերջին երկու տարիներին «Վեոլիա ջուրը» և կառավարությունը իրականացրել են ներդրումներ ենթակառուցվածքներում, որոնք միտված են համակարգի արդյունավետության բարձրացմանը։

