ԱՄՆ-ը 5 մլն դոլար կվճարի Լիբերիային՝ արտաքսված միգրանտներին ընդունելու համաձայնագրի շրջանակներում։ The New York Times-ը, վկայակոչելով Պետդեպարտամենտի փաստաթղթերը, գրում է, որ վճարումը հաստատվել է դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Լիբերիան խոստացել էր դիտարկել այլ երկրներից միգրանտների ընդունման հնարավորությունը։
Լիբերիայի իշխանությունները հավաստիացրել են, որ ժամանող միգրանտները ռասայական կամ կրոնական հալածանքների չեն ենթարկվի, ինչը Պետդեպարտամենտը հուսալի երաշխիք է համարել։ Հատկացված միջոցները կուղղվեն երկրի ներգաղթային համակարգի աջակցությանը, մասնավորապես՝ կեցության, սննդի և մասնագիտական վերապատրաստման ապահովմանը։
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նման գործարքներ է կնքում նաև այլ պետությունների հետ՝ այնտեղ ուղարկելով միգրանտներին, որոնց հնարավոր չէ արտաքսել անմիջապես իրենց ծագման երկրներ: Իրավապաշտպաններն արդեն դեմ են արտահայտվել այս պրակտիկային՝ պնդելով, որ մարդիկ ուղարկվում են մարդու իրավունքների խնդիրներ ունեցող անծանոթ երկրներ։


