ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից

Միաժամանակ ԱՄԷ-ն ընդգծել է, որ շարունակելու է պատասխանատու կերպով ավելացնել արդյունահանումը՝ շուկայի պահանջարկին համապատասխան։

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են, որ մայիսի 1-ից դուրս են գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+ համաձայնագրից։ Այդ մասին ասվում է պաշտոնական հայտարարությունում։

Օրական շուրջ 3-3.5 մլն բարել նավթ արդյունահանող երկիրը նշում է, որ որոշումը կայացվել է արտադրական քաղաքականության և ապագա հզորությունների համակողմանի վերանայումից հետո։

«Որոշումը հիմնված է մեր ազգային շահերի վրա և նպատակ ունի առավել արդյունավետ արձագանքել շուկայի պահանջներին»,- նշել են ԱՄԷ-ում։

ԱՄԷ-ն ՕՊԵԿ-ին միացել էր 1967 թվականին՝ Աբու Դաբի էմիրության միջոցով։ Կառավարությունը նշում է, որ կազմակերպությունում գտնվելու ընթացքում երկիրը զգալի ներդրում է ունեցել և «մեծ զոհողություններ է կատարել ընդհանուր շահերի համար»։

Դուրս գալու որոշումը, ըստ պաշտոնական պարզաբանման, պայմանավորված է էներգետիկ քաղաքականության փոփոխությամբ և շուկայի փոփոխություններին ավելի ճկուն արձագանքելու անհրաժեշտությամբ։

Միաժամանակ ԱՄԷ-ն ընդգծել է, որ շարունակելու է պատասխանատու կերպով ավելացնել արդյունահանումը՝ շուկայի պահանջարկին համապատասխան։

Երկիրը նաև հայտարարել է, որ կշարունակի ներդրումներ կատարել էներգետիկ ամբողջ շղթայում՝ ներառյալ նավթը, գազը, վերականգնվող էներգիան և ցածր ածխածնային լուծումները՝ ապահովելու երկարաժամկետ կայուն զարգացում։