Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում նշեց գործունեության  25-ամյակը Սուրբ Ծննդյան բարեգործական գալա ընթրիքով

Ս.թ. դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) ՀԿ-ի 25-ամյակին նվիրված Սուրբ Ծննդյան Բարեգործական Գալա ընթրիքը։

Այս տարի գալա ընթրիքը հյուրընկալել էր ավելի քան 300 մասնակցի։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչներ, գործարար համայնքի անդամներ, ինչպես նաև ԱԱՊՀ անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, ով հանդես եկավ բացման խոսքով՝ ներկայացնելով հայ-ամերիկյան համագործակցության ընթացքն ու առաջնահերթությունները։

«Միացյալ Նահանգները շատ ոգևորված է Սպիտակ տանը օգոստոսի 8-ին կայացած հանդիպմամբ և այն փաստաթղթերով, որոնք ստորագրվեցին նախագահ Թրամփի ներկայությամբ։ Եվ այն, ինչ մենք տեսնում ենք որպես տեսլական Հայաստանի համար առաջիկա տասնամյակում, դա առաջին հերթին խաղաղությունն է երկրում՝ առանց հարևանների կողմից սպառնալիքների, ապա երկրի բաց լինելը տարածաշրջանի համար՝ ի նպաստ տարածաշրջանում առևտրի և ներդրումների զարգացման, և օգուտներ քաղելը՝ բաց տարածաշրջանային առևտրի ու ներդրումների արդյունքում։ Մենք կցանկանայինք տեսնել Հայաստանը որպես տարածաշրջանային առևտրի առանցքային հանգույց՝ Կենտրոնական Ասիայից մինչև Արևմտյան Եվրոպա։ Կարծում եմ՝ Հայաստանը ունի այդ դերակատարությունը ստանձնելու իրական ներուժ։ Եվ ես գիտեմ, որ ամերիկյան ընկերությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանում ներդրումային գործունեություն ծավալելու հարցում։ Իսկ օգոստոսի 8-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրերը, իմ կարծիքով գործարար հարաբերությունների խորացման իրական խթան կդառնան։ Այսպիսով, առաջիկա տասնամյակի վերաբերյալ իմ կանխատեսումները Հայաստանի համար խիստ դրական են։ Կարծում եմ՝ ողջ տարածաշրջանը կարող է վերափոխվել առևտրի և ներդրումների դինամիկ կենտրոնի՝ անցյալում թողնելով հակամարտությունները։»

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ նաև ԱԱՊՀ նախագահ Էլինա Մարկարյանը՝ ամփոփելով կազմակերպության 25-ամյա գործունեության հիմնական ձեռքբերումները և ընդգծելով ԱԱՊՀ-ի դերը գործարար միջավայրի բարելավման և հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության զարգացման գործում։

«Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում վերջին 25 տարիների ընթացքում ձևավորվել է որպես գործարար համայնքի վստահելի հարթակ՝ նպաստելով անդամակցության կայուն աճին, մասնավոր հատվածի և պետական կառույցների միջև արդյունավետ երկխոսությանը, ինչպես նաև հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության շարունակական զարգացմանը»։

Պահպանելով նախորդ տարիների ավանդույթը՝ Սուրբ Ծննդյան գալա ընթրիքը այս տարի ևս կրում էր բարեգործական բնույթ։ Միջոցառման ընթացքում հավաքագրված հասույթը կուղղվի կլիմայամետ գյուղատնտեսական կենտրոնի սոցիալական նախաձեռնության ստեղծմանը։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի Հայաստանի գյուղական համայնքներում զարգացնել ազնվամորու և նարդոսի գյուղատնտեսությունը՝ այն դարձնելով ձեռներեցության, կրթության և սոցիալական նախաձեռնությունների զարգացման շարժիչ ուժ։

Ծրագրի շրջանակում, կրթության և հյուրընկալության վրա հիմնված փորձառական զբոսաշրջության միջոցով, կստեղծվեն նոր եկամտի աղբյուրներ՝ նպաստելով Հայաստանի գյուղական համայնքների կայուն զարգացմանն ու հզորացմանը։ Միջոցառման կայացմանը նպաստեցին ԱԱՊՀ գործընկեր կազմակերպությունները, որոնց աջակցությունը կարևոր դեր ունեցավ գալա ընթրիքի հաջող իրականացման գործում։

Միջոցառման կազմակերպչական գործընկերն էր McCANN ընկերությունը, որի մասնագիտական ներգրավվածությունը էական ներդրում ունեցավ գալա ընթրիքի կազմակերպման և անցկացման գործում։ Միջոցառման գործընկերների շարունակական համագործակցությունն ու աջակցությունը ևս մեկ անգամ ընդգծեցին մասնավոր հատվածի ակտիվ դերակատարումը նման նշանակալի նախաձեռնությունների իրականացման գործում։

ԱԱՊՀ գործադիր տնօրեն Աննա Ներսեսյանցը իր ելույթում անդրադարձավ ԱԱՊՀ-ի նոր ռազմավարությանը՝ ներկայացնելով կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, ռազմավարական առաջնահերթությունները և առաջիկա անելիքները։

«2025 թվականի ընթացքում մշակվել է ԱԱՊՀ-ի նոր ռազմավարությունը, որտեղ նախանշվել են պալատի գործունեության հիմնական ուղղությունները։ Պալատը հավատարիմ է մնացել իր հիմնական կարգախոսին՝ աշխատել բարենպաստ գործարար միջավայրի հաստատման ուղղությամբ։ Այս առումով ինտենսիվ աշխատանքներ են տարվում՝ ոչ միայն մասնավոր հատվածի, այլև Հայաստանի Հանրապետության կառավարության գործընկերների հետ։ Մեր ռազմավարական կարևորագույն նպատակներից մեկն էլ մնացել է ծառայել որպես կամուրջ հայկական և ամերիկյան բիզնեսների միջև։ Մյուս կարևոր ուղղություններից մեկը բիզնես միջավայրի կանխատեսելիությունն է, որը ԱԱՊՀ-ի մշտական ուշադրության կենտրոնում է»։

Սույն միջոցառումը կարևոր փուլ էր ԱԱՊՀ-ի գործունեության մեջ՝ ամփոփելու վերջին 25 աշխատանքը, ներկայացնելու ռազմավարական առաջնահերթությունները և ամրապնդելու համագործակցությունը պետական կառույցների, գործարար համայնքի և գործընկեր կազմակերպությունների հետ։ Գալա ընթրիքը ևս մեկ անգամ ընդգծեց ԱԱՊՀ-ի շարունակական հանձնառությունը՝ նպաստելու բարենպաստ և կանխատեսելի գործարար միջավայրի ձևավորմանը, արտաքին ներդրումների խթանմանը և հայ-ամերիկյան տնտեսական կապերի խորացմանը։

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը անկախ բիզնես ասոցիացիա է, որը գործում է Հայաստանում 2000 թվականից: ԱԱՊՀ-ը ներկայացնում է 180 անդամ ընկերությունների շահերը՝ Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներից: Ավելի նպաստավոր գործարար միջավայր ստեղծելու և լավագույն գործարար փորձը խթանելու համար ԱԱՊՀ-ն համագործակցում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ և սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և գործարար համայնքի հետ: ԱԱՊՀ-ն հանդիսանում է ԱՄՆ Առևտրի պալատի և Եվրոպայում Ամերիկյան պալատների անդամ: Հայաստանում ԱԱՊՀ-ն կշարունակի իր կոմիտեների և աշխատանքային խմբերի միջոցով պաշտպանել օրենքի գերակայությունը, ինչպես նաև ընդլայնել իր համագործակցությունը Հայաստանի կառավարության և տարածաշրջանի ու Եվրոպայի այլ պալատների հետ: