ABNews

«Ամբերդ» հնավայր տանող ճանապարհը բաց է. Հունիսի 2-ից ամրոցը կընդունի այցելուներին

Լուրեր | 2026/06/01 17:19

«Ամբերդ» հնավայր տանող ճանապարհը բաց է. Հունիսի 2-ից ամրոցը կընդունի այցելուներին

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ «Ամբերդ» պատմամշակութային հնավայր տանող ճանապարհը երկարատև դադարից հետո արդեն անցանելի է։ Հունիսի 2-ից հնավայրը կվերսկսի իր բնականոն աշխատանքը:

Աշխատանքային գրաֆիկը

Հնավայրն այցելուներին կընդունի հետևյալ ժամանակացույցով.

  • Երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10:00-ից 20:00-ը,

  • Երկուշաբթի՝ ժամը 10:00-ից 19:00-ը։

Վերականգնման ընթացքը և ֆինանսավորումը

Ամբերդում դեռևս 2024 թվականից մեկնարկել են լայնածավալ վերականգնման աշխատանքներ։ Ներկայումս իրականացվել են հողահեռացման և զուգահեռ ամրակայման փուլերը։ Ծրագիրը նախատեսվում է շարունակել ևս 2-3 տարի, որոնց ընթացքում հնավայրը զուգահեռաբար բաց կլինի զբոսաշրջիկների համար:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ շինարարական այս փուլում միայն միջնաբերդի հատվածը ժամանակավորապես «կկոնսերվացվի» և փակ կլինի մուտքի համար։ Միջնադարյան կառույցի կապիտալ վերականգնման նպատակով պետական բյուջեից հատկացվել է մոտ 500 միլիոն դրամ։

Պատմական ակնարկ և տուրիստական ներուժը

Ըստ պատմական աղբյուրների՝ Ամբերդի շինարարությունն սկսվել է 7-րդ դարում։ 10-րդ դարում այն հանդիսացել է Բագրատունյաց թագավորության առանցքային ռազմապաշտպանական հենակետերից մեկը և ունեցել անառիկ ամրոցի համբավ: 1236 թվականին ամրոցը գրավվել և ավերվել է մոնղոլների կողմից, իսկ ավելի ուշ՝ կրկին վերակառուցվել։ 14-րդ դարի վերջից բերդաքաղաքն աստիճանաբար կորցրել է իր մակրոտարածաշրջանային նշանակությունը և ամայացել։

Ներկայումս Ամբերդը Հայաստանի ամենաայցելվող պատմամշակութային հուշարձաններից է, որը տարեկան կտրվածքով ապահովում է միջինում 25-30 հազար այցելու։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը