ABNews

Աջակցություն արտահանողներին․ ո՞ր ոլորտները կստանան փոխհատուցում

Լուրեր | 2026/11/26 13:51

Աջակցություն արտահանողներին․ ո՞ր ոլորտները կստանան փոխհատուցում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել 2026 թվականի 4-րդ եռամսյակում էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել ընդհանուր 4 մլրդ 465.9 մլն դրամ՝ գյուղմթերքի, սննդամթերքի ու խմիչքի արտահանման, ինչպես նաև մթերման ծրագրերի շրջանակում հոկտեմբերին առաջացած պարտավորությունները փակելու համար։

Ինչու է դա կարևոր. Հատկացումն ուղղված է տնտեսվարողների ծախսերի փոխհատուցմանն ու արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը՝ այն պայմաններում, երբ հայկական գյուղմթերքի արտահանման ավելի քան 90%-ն ընդունող Ռուսաստանը մայիս-հունիս ամիսներից սահմանափակումներ է կիրառել Հայաստանից ներմուծվող մի շարք ապրանքատեսակների նկատմամբ։

Հատկացվող միջոցների բաշխումն ու առանցքային ցուցանիշները.

  • Ջերմատնային արտադրանքի արտահանման աջակցություն (շուրջ 3.26 մլրդ դրամ).

    • Հատկացվող գումարի հիմնական մասն ուղղվում է ջերմատնային արտադրանքի արտահանման խթանմանը։

    • ՍԱՏՄ տվյալներով՝ հոկտեմբերին արտահանվել է շուրջ 5,271.4 տոննա պղպեղ, 2,351.9 տոննա լոլիկ, 135.8 տոննա ելակ, ավելի քան 3.2 մլն հատ վարդ և այլն։

  • Արտահանման և մթերման մյուս ուղղությունները (շուրջ 1.2 մլրդ դրամ).

    • 408.3 մլն դրամ կտրամադրվի թարմ պտղի, սննդամթերքի ու խմիչքի արտահանման փոխհատուցմանը։

    • 794.6 մլն դրամ կուղղվի վերամշակման նպատակով Սյունիքի մարզից թզի և ՀՀ տարածքից դեղձի մթերման սուբսիդավորմանը (ծրագրով մթերվող դեղձի ծավալը կկազմի 6,388 տոննա)։

  • Նախորդ վճարումների և շուկայի համատեքստը.

    • Հունիս–սեպտեմբեր ամիսների արտահանման աջակցության ծրագրով ստացված 531 դիմումի հիման վրա հայցվել էր 9.56 մլրդ դրամ, որից 8.2 մլրդ դրամն արդեն վճարվել է։

    • Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսել էր սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ձուկն ու ծաղիկները, ապա՝ միրգ-բանջարեղենի որոշ տեսակներ, իսկ հունիսի 2-ից՝ նաև կորիզավոր մրգերը (բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին) և խաղողը՝ պատճառաբանելով հայտնաբերված խախտումներն ու բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ ՌԴ-ին է բաժին ընկնում Հայաստանի գյուղմթերքի արտահանման ավելի քան 90%-ը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը