Ընտրական ցուցակների գրանցումից հետո կուսակցությունները կամ դաշինքները պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ․ ԿԸՀ

Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններն առանձին նախընտրական հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն։

Կուսակցությունները/կուսակցությունների դաշինքները ԿԸՀ-ի կողմից ընտրական ցուցակների գրանցումից հետո 5 օրվա ընթացքում պարտավոր են նախընտրական հիմնադրամ բացել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԸՀ–ն։

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններն առանձին նախընտրական հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը ձևավորվում է այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) կատարած վճարումներից։

Հիմնադրամները կարող են բացվել հետևյալ բանկերում՝

Արդշինբանկ ՓԲԸ

Հայէկոնոմբանկ ԲԲԸ

ԱԿԲԱ բանկ ԲԲԸ

Յունիբանկ ԲԲԸ

ՎՏԲ –Հայաստան բանկ ՓԲԸ

Ֆասթ բանկ ՓԲԸ

Ազգային ժողովի ընտրությունների պարագայում հիմնադրամից կատարված ծախսերի առավելագույն սահմանաչափն է 800 միլիոն դրամը։

Հիմնադրամից կատարվող և հայտարարագրման ենթակա պարտադիր ծախսերն են՝

Զանգվածային լրատվության միջոցներում և համացանցում տեղադրված նախընտրական քարոզչության վերաբերյալ քաղաքական գովազդները,

Սոցիոլոգիական հարցումները և հետազոտությունները,

Վստահված անձանց փոխհատուցման ծախսերը,

Քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման, տեղադրման և տարածման ծախսերը,

Ընտրական շտաբների տարածքների վարձակալության ծախսերը,

Մշակութային կամ մարզական միջոցառումների անցկացման ծախսերը,

Դահլիճների, տարածքների վարձակալության ծախսերը,

Տրանսպորտի վարձակալության/ բացառությամբ մինչև 7 տեղանոց մեքենաների ծախսերը։

Հայտարարագրման ոչ ենթակա ծախսեր

Ընտրական շտաբների կոմունալ ծախսեր

Տրանսպորտային միջոցների վառելիքի հետ կապված ծախսեր

Նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների կոմունալ ծախսեր

Հայտարարագրման ենթակա ծախսերը չներառելն առաջացնում է վարչական տույժ՝ հիմնադրամի ծախսերում չներառված ծախսերի եռապատիկի չափով:

Կատարված ծախսերի սահմանաչափի գերազանցումն առաջացնում է վարչական տույժ՝ սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի եռապատիկի չափով։

Եթե սահմանված ուղղություններով կատարված ծախսերի և պետական բյուջե վճարվող տուգանքների գումարն ավելին է նախընտրական հիմնադրամի առավելագույն չափի 120 տոկոսից, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանը ուժը կորցրած է ճանաչում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը։