«Հայի բռունցք» երիտասարդական, մշակութային ՀԿ-ի անդամներն ու ակտիվ քաղաքացիները ճանաչողական այց կատարեցին թափոնների տեսակավորման և վերամշակման գործարան։ Այցը կազմակերպվել էր «ԷկոՓակ Հայաստան Արտադրողների Պատասխանատվության» հիմնադրամի և «Այ Էս Էս Դի» «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան գործարանի աշխատանքին, թափոնների ընդունման, տեսակավորման և վերամշակման հիմնական փուլերին՝ հատուկ ուշադրություն դարձնելով պլաստիկ թափոնների վերամշակման գործընթացին և դրանց հետագա օգտագործման համար նախապատրաստմանը։
«Կարևոր է, որ քաղաքացիները տեսնեն, թե ինչ է տեղի ունենում իրենց կողմից առանձնացված և հանձնված թափոնների հետ, ծանոթանան գործընթացի ամբողջական շղթային, և հասկանան թափոնների առանձնացման կարևորությունը շրջակա միջավայրի պահպանության համար», — նշել է «Այ Էս Էս Դի» ՀԿ-ի համահիմնադիր նախագահ Մխիթար Ավետիսյանը։ Այցին մասնակցեց 15–20 հոգի, որոնք արդեն ներգրավված են Հրազդան համայնքում իրականացվող թափոնների առանձնացման նախաձեռնությանը։ Ճանաչողական այցը նրանց հնարավորություն տվեց տեսնելու համայնքում հավաքված տեսակավորված թափոնների հետագա ուղին։
«ԷկոՓակ Հայաստան»-ի մասին «ԷկոՓակ Հայաստան Արտադրողների Պատասխանատվության» հիմնադրամի առաքելությունն է բարելավել փաթեթավորման թափոնների կառավարման համակարգը՝ արտադրողի ընդլայնված պատասխանատվության սկզբունքով, ինչպես նաև բարձրացնել հասարակության իրազեկվածությունը կրթական և տեղեկատվական նախաձեռնությունների միջոցով։ Հիմնադրամը Հրազդան համայնքում իրականացնում է փաթեթավորման թափոնների առանձին հավաքման, տեղափոխման, տեսակավորման և վերամշակման պիլոտային ծրագիր։
«Այ Էս Էս Դի» ՀԿ-ի մասին «Այ Էս Էս Դի» «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը նպաստում է կայուն զարգացմանը՝ իրականացնելով նորարարական ծրագրեր թափոնների կառավարման, շրջանաձև տնտեսության, կրթության, գյուղատնտեսության, բիզնեսի և համայնքների զարգացման ոլորտներում։
*գովազդ

