Բացարձակ խնդիր չկա. Էկոնոմիկայի նախարարն արձագանքել է «Ջերմուկի»՝ ռուսական արգելքին

Ռուսական կողմը արգելանք էր սահմանել խմբաքանակի վրա՝ պատճառաբանելով մակնշման կամ տեխնիկական համապատասխանության հետ կապված խնդիրները։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանում ավելի քան 1 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքի արգելափակմանը։ Նախարարը վստահեցրել է, որ տեղի ունեցածում որևէ քաղաքական ենթատեքստ չկա, իսկ հարցն ունի զուտ տեխնիկական բնույթ։

«Նորմալ է, այդպիսի հարցեր լուծել ենք։ Որակի հետ կապված որևէ հարց չկա»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ «Ջերմուկի» հետ կապված որևէ համակարգային խնդիր չի տեսնում։

Հիշեցնենք, որ ռուսական կողմը արգելանք էր սահմանել խմբաքանակի վրա՝ պատճառաբանելով մակնշման կամ տեխնիկական համապատասխանության հետ կապված խնդիրները, ինչը հանրության շրջանում քննարկումների տեղիք էր տվել՝ որպես հնարավոր քաղաքական ճնշման միջոց։