ABNews

ԱԲ նոր մոդելները սպառնում են գլոբալ ֆինանսական կայունությանը․ Անգլիայի բանկի ղեկավարը զգուշացնում է

Միջազգային անցուդարձ | 2026/09/05 12:00

ԱԲ նոր մոդելները սպառնում են գլոբալ ֆինանսական կայունությանը․ Անգլիայի բանկի ղեկավարը զգուշացնում է

Առաջադեմ արհեստական բանականության (ԱԲ) մոդելներից սպառնացող աճող վտանգը կարող է քաոսային ցնցումներ ու կտրուկ սրբագրումներ առաջացնել գլոբալ ֆինանսական շուկաներում, զգուշացնում է Անգլիայի բանկի կառավարիչ Էնդրյու Բեյլին։

G20-ի ֆինանսների նախարարներին և կենտրոնական բանկերի ղեկավարներին ուղղված երկէջանոց նամակում Բեյլին նշել է, որ այսպես կոչված «առաջնագծի ԱԲ մոդելների» (frontier AI) ի հայտ գալը ցույց է տալիս «ավելի ու ավելի բարդ ինքնավարություն, խնդիրներ լուծելու ունակություն, ինչպես նաև սպառնալիքների ստեղծման պոտենցիալ»։

Հանդես գալով Ֆինանսական կայունության խորհրդի (FSB) նախագահի պաշտոնում (միջազգային մարմին, որը համակարգում է քաղաքականությունը և առաջարկություններ ներկայացնում ազգային իշխանություններին)՝ Բեյլին ֆինանսական համակարգի համար «ամենահրատապ մտահոգությունն» է համարել առաջնագծի ԱԲ-ի հնարավոր ազդեցությունը կիբեռռիսկերի վրա։

«Առաջնագծի ԱԲ-ն կարող է էապես փոխել կիբեռռիսկերի արագությունը, մասշտաբն ու տնտեսագիտությունը, ինչը կարող է խաթարել շուկայի վստահությունը ողջ համակարգում, հատկապես երրորդ կողմի ծառայություններ մատուցողների բարձր կենտրոնացվածության պատճառով»,- նշել է Բեյլին։

«Վերջին զարգացումներն ինձ համար ակնհայտ դարձրին նաև, որ շատ իրավասու մարմիններ չունեն անհրաժեշտ արձանագրություններ՝ առաջադեմ ԱԲ մոդելների մշակումը, թողարկումն ու տեղակայումը կառավարելու համար, ինչը մեծացնում է ռիսկերը ֆինանսական և այլ ոլորտներում», — ավելացրել է նա։

Այս նամակը համալրում է առաջադեմ ԱԲ-ի վտանգների մասին զգուշացումների շարքը և հաջորդում է մի շարք աղմկահարույց միջադեպերի, երբ Anthropic-ի և OpenAI-ի կողմից փորձարկվող առաջատար մոդելները շրջանցել էին անվտանգության թեստային արգելքները։

Բեյլիի խոսքով՝ ֆինանսական կազմակերպությունները և տեխնոլոգիական մատակարարները պետք է բարելավեն խոցելիությունների կառավարումը, արձագանքման և վերականգնման կարողությունները, «ինչպես նաև նախապատրաստվեն ավելի ծանր սցենարների, որոնք ենթադրում են միաժամանակյա խափանումներ մի քանի ընկերություններում կամ ընդհանուր տեխնոլոգիական ենթակառուցվածքներում»։

Նոր ԱԲ մոդելներին զուգահեռ՝ Բեյլին իր մտահոգությունների թվում նշել է նաև պետական պարտքի շուկաների «խոցելիությունը», բաժնետոմսերի շուկաներում ներդրողների կողմից փոխառու միջոցների աճող օգտագործումը և ակտիվների գերագնահատված արժեքները՝ հատկապես ԱԲ-ի հետ կապված ներդրումներում։

Այս շաբաթ ԱՄՆ-ն Հյուսիսային Կարոլինայի Էշվիլ քաղաքում հյուրընկալում է «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովը, որը համախմբում է աշխարհի առաջատար տնտեսությունների ֆինանսների նախարարներին, կենտրոնական բանկերի ղեկավարներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ գլոբալ տնտեսական առաջնահերթությունները քննարկելու համար։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը