Իր կյանքի մեծ մասի ընթացքում Հեդի Ռատները (Hedy Ratner) բոլորովին հետաքրքրված չէր բիզնեսով։ Ունենալով ակադեմիական 6 աստիճան՝ նա աշխատել է տարբեր ոլորտներում՝ որպես ուսուցիչ, գրադարանավար, կրթական ադմինիստրատոր, պետական աշխատող և քաղաքացիական ակտիվիստ։ Սակայն Ռատները հետագայում դարձավ Չիկագոյի բիզնես ոլորտի ամենաազդեցիկ կանանցից մեկը՝ 1986 թվականին համահիմնադրելով «Կանանց բիզնեսի զարգացման կենտրոնը» (Women's Business Development Center - WBDC), որը ճանապարհ հարթեց կին ձեռներեցների համար տղամարդկանցով գերակշռող ոլորտներում։
Անդրադառնալով Կենտրոնի 40-ամյա հոբելյանին՝ 85-ամյա Ռատները պատմում է, թե ինչպես իր ակտիվիստական արմատները հանգեցրին այս նորարարական գործունեությանը, և նշում, թե որքան բան է փոխվել կանանց համար բիզնեսում, գրում է Inc.com-ը։
Արմատները և ընտանեկան փորձը
Ձեռնարկատիրության հետ նրա առաջին ծանոթությունը եղել է ծնողների միջոցով։ Նրանք հրեա Ներգաղթյալներ էին, ովքեր 1920-ականներին փախել էին Արևելյան Եվրոպայից և հանդիպել ԱՄՆ-ում։ Նրանք չէին խոսում անգլերեն և չունեին ամբողջական կրթություն, սակայն կարողացան բացել իրենց սեփական գործը։
Ընտանիքը մթերային խանութ էր աշխատեցնում Չիկագոյի հարավային մասում գտնվող Բրոնզվիլ (Bronzeville) պատմական սևամորթ թաղամասում։ «Մենք ապրում էինք ինտեգրված համայնքում, ինչն այդ ժամանակաշրջանի համար շատ անսովոր էր», — պատմում է Ռատները։ Քաղաքացիական իրավունքների շարժման մեջ նրա ներգրավվածությունը բնական շարունակությունն էր միջրասայական համայնքում մեծանալու փորձառության։
Պայքար հանուն կանանց տնտեսական իրավունքների
Իրավապաշտպան ոլորտում աշխատելիս Ռատնեը նկատեց, թե ինչպես էին ստվերվում կանանց իրավունքներն ու ջանքերը։ Կալիֆոռնիայում կրթության առաջին մասն ավարտելուց հետո նա վերադարձավ Չիկագո՝ ընտանիքին մոտ լինելու համար։ Միանալով Չիկագոյում կանանց իրավունքների շարժմանը՝ նա նկատեց ընտանիքից դուրս կանանց համար տնտեսական հնարավորությունների իսպառ բացակայությունը։
«Ոչ մի կերպ կինը չէր կարող բանկից բիզնես վարկ ստանալ առանց տղամարդու ներկայության կամ համաձայնության», — հիշում է նա։ «Կանանց ձեռներեցությունը, որն այդ ժամանակ նույնիսկ որպես գոյություն ունեցող բառ կամ հասկացություն չկար, լուրջ չէր ընդունվում»։
Սա դրդեց Ռատներին՝ ակտիվիստ Քերոլ Դուգալի (Carol Dougal) հետ միասին հիմնադրել «Կանանց բիզնեսի զարգացման կենտրոնը» (WBDC)։ Նրանք պետական ֆինանսավորում ստացան Իլինոյսի նախկին նահանգապետ Ջեյմս Թոմփսոնից և, օգտագործելով այդ աջակցությունը, տրամադրեցին անհրաժեշտ կապիտալն ու տեխնիկական օգնությունը այն կանանց, ովքեր ցանկանում էին զարգացնել իրենց բիզնեսը։
Այդ պահից ի վեր WBDC-ն դարձել է առանցքային ռեսուրս կին ձեռներեցների համար՝ ընդլայնվելով Միջին Արևմուտքի 9 քաղաքներում։ «Մեր գոյության 40 տարիների ընթացքում մենք աշխատել ենք ավելի քան 100,000 բիզնեսների հետ», — նշում է Ռատները։
Նոր մարտահրավերներ և անցում թվային դարաշրջանին
Այսօր Ռատները փաստում է, որ կանանց կարիքները չեն նվազել, այլ ընդլայնվել են։ Բանկային վարկեր ստանալուն զուգահեռ՝ Կենտրոնն այժմ կանանց սովորեցնում է, թե ինչպես ներգրավել վենչուրային (VC) ֆինանսավորում, ընդլայնել (scale) բիզնեսը և ի վերջո վաճառել այն։
Միևնույն ժամանակ, մոտեցումները արմատապես փոխվել են․ «Նահանգը, շրջանը, քաղաքը — բոլորն էլ այժմ ունեն հատուկ նպատակային ծրագրեր կանանց և փոքրամասնություններին պատկանող բիզնեսներին պետական պատվերներ տրամադրելու համար։ Այս ոլորտը հսկայական աճ է գրանցել, քանի որ նման քաղաքականությունը ձեռնտու է բոլորին․ դա լավ է թե՛ փոքր բիզնեսների ազդեցության, թե՛ պետական մարմինների ու կորպորացիաների համար»։
Ժառանգությունը և ուղերձը նոր սերնդին
Վերջերս Ռատներն իր անձնական արխիվները (ներառյալ նամակներ, ելույթներ, WBDC-ի հիմնադրման իրավական փաստաթղթեր) նվիրաբերեց Չիկագոյի համալսարանին։ Նա ցանկանում է հավերժացնել իր ակտիվիստական ժառանգությունը՝ ոգեշնչելու համար ապագա անելիքները։
«Չափազանց կարևոր է, որ տարբեր շարժումների արձանագրած առաջընթացը պաշտպանվի, փաստագրվի և հիշվի ապագայի համար», — ասում է նա։
Իսկ հիմնադիրների նոր սերնդին Հեդի Ռատներն ուղղում է հետևյալ խորհուրդը.
«Եղե՛ք համարձակ, ռիսկի՛ դիմեք։ Արե՛ք այն, ինչով ոգեշնչված եք և ինչի հանդեպ կիրք ունեք։ Կատարե՛ք անհրաժեշտ ուսումնասիրությունները, ստացե՛ք ձեզ անհրաժեշտ օգնությունը և պարզապես արե՛ք դա»։


