1․ Կառավարությունը երկարացնում է ԱԱՀ–ից ազատման արտոնությունը էլեկտրամոբիլների ներմուծման դեպքում
Կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում ընդունվել է որոշում, որով էլեկտրամոբիլների ներմուծման դեպքում տնտեսվարողները ևս մեկ տարով՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, կազատվեն ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց, որ արտոնությունը կգործի բոլոր այն ավտոմեքենաների, ավտոբուսների, մոտոցիկլետների և մոպեդների համար, որոնք ունեն էլեկտրական շարժիչ։
Նախարարը նշեց, որ այս արտոնությունը գործում է դեռևս 2019 թվականից, իսկ դրական արդյունքների շնորհիվ՝ դրա ժամկետը կրկին երկարացվում է։
Բացի ԱԱՀ-ից ազատումից, 3-րդ երկրներից ներմուծման դեպքում գործում է նաև մաքսատուրքից ազատման արտոնություն։
Ըստ նախարարի՝ արտոնությունների շնորհիվ էլեկտրամոբիլների ներմուծման ծավալները շարունակել են աճել.
-
2023-ին ներմուծվել է 9,635 միավոր՝ 75% աճ 2022-ի համեմատ,
-
2024-ին՝ 11,793 միավոր, ինչը 22% աճ է,
-
իսկ 2025-ի ընթացքում՝ մինչև հոկտեմբերի 17-ը՝ 14,888 միավոր, արդեն 3,000-ով ավելի, քան նախորդ ամբողջ տարում։
2․ Եկամուտների հայտարարագրումը դառնում է ավելի հեշտ և ավտոմատ
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի նպատակն է պարզեցնել քաղաքացիների եկամուտների հայտարարագրման գործընթացը։
Նախատեսվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն ինքնուրույն կձևավորի քաղաքացիների հայտարարագրերը՝ հիմնվելով արդեն առկա տվյալների վրա։
Քաղաքացիներին կտրվի ժամանակ՝ ստուգելու և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարելու համար։
Եթե լրացումներ չլինեն, հայտարարագիրը ավտոմատ կերպով կհամարվի ներկայացված՝ հաջորդ տարվա հուլիսի 1-ին։
Փոփոխությունների այլ կետեր․
-
Կվերացվի տուգանքը՝ հայտարարագիր չներկայացնելու համար, քանի որ գործընթացը դառնում է ավտոմատ։
-
Սոցծախսերի վերադարձի իրավունք ունեցող քաղաքացիները պարտադիր պետք է մուտք գործեն համակարգ և հաստատեն հայտարարագիրը էլեկտրոնային ստորագրությամբ։
-
Ընտանիքի անդամների միջև փոխանցվող գումարները՝ կենցաղային նպատակներով, չեն ենթարկվի հայտարարագրման։
-
Հարկային մարմիններին բանկային տվյալները կփոխանցվեն միայն քաղաքացու համաձայնությամբ։
3․ Հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց, որ հոկտեմբեր ամիսը Հայաստանում ևս նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս։
Երևանում և մարզերում մի շարք շենքեր լուսավորվում են խորհրդանշական գույնով՝ հիշեցնելով կանանց կանխարգելիչ հետազոտությունների կարևորության մասին։
Այս տարի պետությունը սկսել է սքրինինգային ընդլայնված ծրագիր, որով պետական պատվերով անվճար մամոգրաֆիկ հետազոտություններ են իրականացվում ուսուցիչների, բժիշկների, պետական ծառայողների, զինծառայողների ընտանիքների և սոցիալական այլ խմբերի համար։
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ անհրաժեշտ է հրապարակել վիճակագրություն՝ վաղ հայտնաբերման արդյունավետության վերաբերյալ։
Նախարար Ավանեսյանի խոսքով՝ 2023–2024 թթ. ընթացքում քաղցկեղից մահացության ցուցանիշները նվազել են, ինչը ցույց է տալիս, որ վաղ հայտնաբերման ծրագրերը տալիս են իրական արդյունք։
4․ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մանրամասները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կմեկնարկի 2026 թվականին և կիրականացվի 3 փուլով։
Այնուամենայնիվ, քաղաքացիների համար նախատեսված վճարների մի մասը կփոխհատուցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղվող պարտադիր վճարների նվազեցման հաշվին։
Ապահովագրության ներդրման փուլերը
-
2026թ․ առաջին փուլ – կներառվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած անձինք, հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, անապահով ընտանիքները և բարձր եկամուտ ունեցող անձինք։
-
2027թ․ երկրորդ փուլ
-
2028թ․ երրորդ փուլ
Ապահովագրության տարեկան փաթեթը կկազմի 129,600 դրամ։
Փաշինյանի խոսքով՝ սկզբնական փուլում ապահովագրությունը կներառի Հայաստանում մատուցվող բժշկական ծառայությունների շուրջ 30 տոկոսը, որոնք ամենահաճախ հանդիպող հիվանդությունների բուժմանն են վերաբերում։

