Լեռնային Ղարաբաղից տեղահանված 34,576 անձ արդեն ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ևս շուրջ 1000 դիմում գտնվում է նախագահի աշխատակազմում, և առաջիկայում այդ դիմումների մասով ևս սպասվում է որոշում։
Նախարարը նշել է, որ քաղաքացիության տրամադրման գործընթացում մերժման դեպքեր չեն արձանագրվել։
Տվյալները ցույց են տալիս, որ գործընթացը իրականացվում է արագացված կարգով՝ նպատակ ունենալով ապահովել տեղահանվածների իրավական և սոցիալական ինտեգրումը։
Սարգսյանի խոսքով՝ տեղահանվածների թվում եղել է շուրջ 28 հազար անչափահաս, որոնցից մոտ 12 հազարը քաղաքացիություն է ստացել անձնագրավորման միջոցով՝ ծնողների կարգավիճակից բխող։
Քաղաքացիության տրամադրումը դիտարկվում է որպես ինտեգրման հիմնական գործիք՝ ապահովելով հասանելիություն սոցիալական ծառայություններին և իրավունքների ամբողջական շրջանակին։

