Շրջանառության մեջ են դրվում նոր հուշադրամներ
Լուրեր |
2024 թվականի մարտի 25-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» և «Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամները:
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ
ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ (Սարգիս Փարաջանյանց, 1924–1990 թթ.)՝ հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ (1990 թ.):
Ծնվել է Թիֆլիսում, որտեղ և ստացել է միջնակարգ կրթություն: 1945 թ. ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը: 1952 թ-ից աշխատել է Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում, որտեղ նկարահանել է իրեն համաշխարհային ճանաչում բերած «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը (1964 թ.):
1969 թ. Հայֆիլմ կինոստուդիայում Փարաջանովը նկարահանում է «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») ֆիլմը, որը համարվում է կինոարվեստի գլուխգործոց։ Ֆիլմում նա իրագործում է նորարարական սեփական գաղափարները՝ բացահայտելով անտեսանելին ու ոգեղենը իր իսկ ստեղծած առարկաների, սիմվոլների և ծեսերի միջոցով: Ժամանակի իշխանությունները չեն ընդունում ռեժիսորի այս և այլ ֆիլմերում դրսևորվող մոտեցումները, արգելում են նկարահանումները և ազատազրկում նրան։ Սակայն Փարաջանովը չի դադարում գործել և իր ողջ ստեղծագործական ավյունն ուղղում է գծանկարների, կոլաժների, տիկնիկների, գլխարկների և արվեստի այլ գործերի ստեղծմանը։
Ֆիլմեր նկարահանելու հնարավորություն կրկին ստանալուց հետո ստեղծում է «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» (1984 թ.) համաշխարհային ճանաչում ստացած ֆիլմը և 1987 թ. առաջին անգամ հրավիրվում է արտասահման` մասնակցելու Ռոտերդամի (Նիդեռլանդներ) կինոփառատոնին, որտեղ ֆիլմը ստանում է առաջին մրցանակը «Ամենանորարարական ֆիլմ» անվանակարգում։
Փարաջանովյան արվեստը այսօր էլ չի դադարում ոգևորել աշխարհի բազմաթիվ արվեստագետների և կինոգործիչների:
Երևանում գործում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը (1991 թ-ից), որտեղ պահվում են նրա հազարից ավելի աշխատանքները: Դիմերես՝ դրվագ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից, Փարաջանովի արձանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում (քանդակագործ՝ Ա. Շիրազ, 1999 թ.): Դարձերես՝ Սերգեյ Փարաջանովի դիմապատկերը, դրվագներ նրա «Խեցիով վարիացիա Պինտուրիկիոյի և Ռաֆայելի թեմաներով»․ 2-րդ տարբերակ` նվիրված է Վ. Ա. Կատանյանին (1989 թ.), «Լացող Ջոկոնդան» (1977 թ.), «Դանիել Օլբրիխսկու դիմանկարը» (1980 թ.) կոլաժներից:
Էսքիզների հեղինակներ՝ Հարություն Սամուելյան (դիմերես), Աննա Կուրղինյան (դարձերես): Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ
Մետաղը/հարգը՝ ոսկի 9000
Քաշը՝ 8,6 գ
Տրամագիծը՝ 22,0 մմ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Թողարկման քանակը՝ 300 հատ
Թողարկման տարեթիվը՝ 2024
Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ (Ղազարյան, 1924–1971 թթ.)՝ հայ ականավոր բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, հասարակական գործիչ:
1945 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, այնուհետև՝ ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան (1948 թ.), 1963–1971 թթ. եղել է ինստիտուտի գիտաշխատող։ 1951–1956 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում, որտեղ էլ 1957–1959 թթ. դասախոսել է գեղարվեստական թարգմանության ամբիոնում:
1966–1971 թթ. եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը: «Սայաթ-Նովա» մենագրության համար գրողին շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1969 թ.):
Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թ-ից։ «Անմահները հրամայում են» (1948 թ.)՝ նրա հեղինակած անդրանիկ գրքույկն է: Հետագայում գրված գործերից առանձնանում է «Նորից քեզ հետ» (1957 թ.) ժողովածուն, որում ի հայտ են գալիս բանաստեղծի ստեղծագործական նոր որակներ։ «Անլռելի զանգակատուն» քնարական-փիլիսոփայական պոեմը (1967 թ. արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի) պատկերում է Կոմիտասի ճակատագիրը՝ մեկտեղված հայ ժողովրդի ճակատագրի հետ: Ժամանակակից մարդու բնույթն ու նրա ապրումները վերհանող խոհափիլիսոփայական ստեղծագործություններն ամփոփված են «Մարդը ափի մեջ» (1963 թ.) և «Եղիցի լույս» (1971 թ.) ժողովածուներում:
Սևակը կատարել է թարգմանություններ Ա. Միցկևիչի, Ա. Պուշկինի, Խ. Բոտևի, Մ. Լերմոնտովի, Յա. Կուպալայի, Յա. Ռայնիսի, Վ. Բրյուսովի, Ի. Աբաշիձեի, Է. Մեժելայտիսի և այլոց գործերից: Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Նրա անունով անվանակոչվել են փողոցներ և դպրոցներ ՀՀ տարբեր բնակավայրերում, թաղամաս և փողոց՝ Երևանում, գյուղ՝ Արարատի մարզում: Բանաստեղծի ծննդավայր Զանգակատուն գյուղում 1981 թ-ից գործում է նրա տուն-թանգարանը:
Դիմերես՝ եկեղեցու զանգակատան պատկեր, «Մարդը ափի մեջ» գրքի շապիկը (նկարազարդող՝ Խ. Գյուլամիրյան, 1963 թ.): Դարձերես՝ Պարույր Սևակի դիմապատկերը, ստորագրությունը, փետրագրիչ՝ Սևակի «Հայաստան» (1950 թ.) բանաստեղծության ֆոնին:
Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը՝ 10 000 դրամ
Մետաղը/հարգը՝ ոսկի 9000
Քաշը՝ 8,6 գ
Տրամագիծը՝ 22,0 մմ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Թողարկման քանակը՝ 300 հատ
Թողարկման տարեթիվը՝ 2024
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին